Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեք տարվա ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տոնեց: Այն էլ ԱԱ 2018 ընտրական փուլում, այն էլ՝ կամային, երբ առաջին խաղակեսում պարտվում էինք 0:2 հաշվով, բայց հանդիպումը «E» խմբի առաջատարի կարգավիճակով Հայաստան ժամանած Մոնտենեգրոյի ընտրանու հետ ավարտեցինք մեր օգտին՝ 3:2:
Դժվար թե Հայաստանում գտնվի մի մարզասեր, որ այդ խաղը դիտած չլինի: Մեր թիմում վերջապես երևաց իմաստավորված կոլեկտիվ խաղ ու պայքար: Եվ այդ ամենը ձեռք բերվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչ հավաքականի ղեկն ստանձնեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Ու պատահական էլ չէր, որ հետխաղային մամուլի ասուլիսում լրագրողները ծափողջույններով դիմավորեցին Արթուր Պետրոսյանին, որի էության մեջ համեստության պակաս չկա: Հարցերը բազմազան էին, պատասխանները՝ կարճ ու հստակ:
– Երբ պարտվում էինք 0:2 հաշվով, ի՞նչ էիք մտածում:
Կարդացեք նաև
-Ես հավատում էի: Ընդմիջմանը տղաներին ասացինք, որ ամեն ինչ կորած չէ, որ պետք է հավատանք: Նրանք էլ ամեն ինչ արեցին բոլորիս ուրախություն պարգեւելու համար:
-Ի՞նչ եք կարծում, մեր հավաքականը վերադարձա՞վ ընտրական պայքարի մեջ:
– Մենք ծայրահեղությունների ազգ ենք: Առաջին մամուլի ասուլիսում ինձ հարցրին. ի՞նչ է պատահելու, որ դուք հրաժարական տաք: Այսօր արդեն խոսում ենք աշխարհի առաջնության խմբից դուրս գալու մասին: Պետք է համեստ մնալ ու խաղից՝ խաղ քայլ առ քայլ առաջ գնալ:
– Խաղից հետո հանդերձարանում ի՞նչ էր կատարվում:
-Ես հանդերձարանում չէի ու չեմ կարող պատասխանել: Հաղթանակի պահն ինձ համար շատ զգացմունքային էր եւ ես ուզում էի առանձին լինել: Հետո մտա հանդերձարան եւ շնորհավորեցի մեր հերոսներին:
-Մի քանի օր է, ինչ հավաքականի մարզիչն եք: Ի՞նչ արեցիք, որ հավաքականը լրիվ կերպարանափոխված ներկայացավ հանդիսականին:
-Ես չէ: Մենք արեցինք՝ մեր թիմով, մեր շտաբով: Սա թիմային աշխատանք է, միայն Պետրոսյանի հաղթանակը չէ, բոլորինս է: Այդ թվում նաեւ ձեր՝ լրագրողներդ, որ լավ մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ: Շնորհակալ եմ բոլորից, մեր ֆեդերացիայի աշխատակիցներից, նախագահից, որ ամեն ինչ արեցիք, որպեսզի հաջողության հասնենք:
– Հաղթանակը գյումրեցի Արթուր Պետրոսյանի թասի՞բն էր:
-Սա հայի թասիբն էր: Հաստատ:
-Մինչեւ ձեր գալը շիկացած մթնոլորտ էր: Հիմա ամեն ինչ խաղաղվեց: Չե՞ք կարծում, որ այսուհետեւ շփումները լրագրողների հետ պետք է ավելի ազատ լինի: Դա շատ կարեւոր է, որպեսզի դառնանք մեկ բռունցք, ինչպես նախկինում է եղել:
-Անշուշտ: Ես սկզբից ասացի, որ դուք էլ եք կարեւոր ու այս մի քանի օրվա մեջ դրական մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ: Ես պատրաստ եմ:
https://www.youtube.com/watch?v=hvTMZERn3q0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ