Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ Թրամփն օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը»

Նոյեմբեր 12,2016 16:30

Սակայն Արա Պապյանը սա քիչ հավանական է համարում`
հաշվի առնելով ԱՄՆ շահերը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշ քաղաքագիտական շրջանակներ հույսեր են կապում, որ նա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դրական ազդեցություն կարող է ունենալ: Մասնավորապես, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ հաշվի առնելով Թրամփի՝ անսպասելի լինելու հանգամանքը` նա կարող է դրական անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Առավոտը» «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արա Պապյանից հետաքրքրվեց` իրատեսական համարո՞ւմ է Թրամփի դրական ներգործությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման գործընթացներում: Պարոն Պապյանն այս առիթով հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը 1981-ին արդեն արտաբերել է «Ցեղասպանություն» բառը, այնպես որ՝ եթե Թրամփն օգտագործի այդ եզրույթը, դա նորություն չի լինելու: Հարցին` արդյոք Թրամփը նման մի բան կարո՞ղ է անել, Արա Պապյանը պատասխանեց. «Չի բացառվում, բայց քիչ հավանական եմ համարում: Պիտի հասկանանք, որ Թրամփ թեկնածուն եւ Թրամփ նախագահը տարբեր մարդիկ են, եւ պատահական չէ, որ երկու ամիս տրվում է որպես անցման ժամանակաշրջան: Այդ ընթացքում Թրամփի հետ կաշխատեն մարդիկ, ցույց կտան բավականին փակ ու գաղտնի ինֆորմացիա, տարբեր հարցեր կբացատրեն, ու այդ նյութի հիման վրա Թրամփի մտածողությունն էլ շատ բանով կփոխվի»: Արա Պապյանը նաեւ հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից մեկը, որը դեմ էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւին, իր ելույթներից մեկում բացահայտ կերպով հայտարարել էր, որ կասկած չկա, եղել է Ցեղասպանություն, բայց միեւնույն ժամանակ խոստովանել էր, որ իրենք ունեն շահեր ու չեն կարող ներկայիս ընտանիքների եւ մարդկանց առողջությունն ու կյանքը վտանգել նրան, ինչ տեղի է ունեցել անցյալում:

Ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ սա Թրամփի թիմի մարդկանց մտածողությունն է, Արա Պապյանը խիստ հավանական է համարում, որ նույն այդ մտածողությունը կներարկեն նաեւ Թրամփին: Մյուս կողմից, ըստ պարոն Պապյանի, ամենակարեւորը «Ցեղասպանություն» բառի արտասանումը չէ. «Դա ի՞նչ է մեզ տալու: Եթե հատուցում ենք ուզում, ապա դա իրավական ճանապարհով է գնում, այլ ոչ թե հայտարարությունների»:

Մյուս կարեւոր հարցը, որ հուզում է հայերին` կապված ԱՄՆ նոր նախագահի հետ, այն է, թե նա ինչ դիրքորոշում կորդեգրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սակայն Թրամփի հետ զրուցած հայ քաղաքագետները պնդում են, որ նա բոլորովին անտեղյակ է հակամարտությունից: Օրինակ` ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պատմում է, որ ինքն անձամբ Թրամփին հարցրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց նա պատասխանել է, որ ընդհանրապես տեղյակ չէ:
Մեր դիտարկմանը՝ գուցե լա՞վ է, որ ԱՄՆ նախագահը տեղյակ չէ խնդրին, ինչը հնարավորություն կտա հայկական կողմին շահեկան դիրքերից ներկայացնել հակամարտությունը, պարոն Պապյանը մտավախություն հայտնեց, թե հնարավոր է Թրամփին այդ հակամարտությունը ներկայացվի այնպես, ինչպես հիմա է դա արվում ու ոչ մեր շահերից բխող տեսանկյունից. «Ի վերջո, տեղյակ չլինելուց տեղյակ լինելու անցումը կարող է արագ տեղի ունենալ. կեսժամանոց ճեպազրույցը բավական է: Խնդիրն այն է, թե ով պիտի անի այդ ճեպազրույցը եւ ինչպես ներկայացնի հակամարտությունը: Մեզ համար լավ չի լինի, եթե ներկայացվի այնպես, ինչպես այժմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կներկայացվի, քանի որ դա մեր պաշտոնական դիրքորոշումն է, համաձայն որի` մենք ճանաչում ենք այդ հողերը որպես ադրբեջանական եւ ուզում ենք, որ դրանց մի մասի վրա հայ ժողովուրդն ինքնորոշվի: Այս պարագայում էլի մնալու ենք մենք պահանջատեր, Ադրբեջանը՝ պատասխանող կողմ, այնինչ լրիվ հակառակն է. Ադրբեջանը տվյալ հակամարտության մեջ ագրեսոր է, քանի որ նա է օկուպացրել Հայաստանի տարածքները, այն տարածքը, որը Ազգերի լիգան ճանաչել է Հայաստանի մաս: Մենք պարզապես քաղաքական կարճատեսությամբ 1990-ականներից ի վեր, չգիտես ինչու, ՍՍՀՄ վարչական սահմանները դարձրել ենք հակամարտության հիմք եւ դրա շուրջ ենք բանակցում»:

Պարոն Պապյանը լուրջ մտավախություն ունի, որ հենց այսպես էլ իրավիճակը կներկայացվի Դոնալդ Թրամփին, ու նա էլ այդ դիրքերից եզրակացություն կանի:
Այս համատեքստում Արա Պապյանը հիշեցրեց Թրամփի` Ղրիմի մասին մեկ նախադասությամբ հայտնած դիրքորոշումը. «Իհարկե, սա էլ հիմք չէ, բայց Թրամփը հայտարարեց, որ եթե Ղրիմի ժողովուրդն ուզում է ապրել Ռուսաստանի հետ, թող ապրի, ի՞նչ է եղել: Բայց շեշտում եմ՝ դա թեկնածու Թրամփի դիրքորոշումն է»:

Արա Պապյանը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը մեր ցանկացած տեսանկյունից ներկայացնելու եւ արդյունք ստանալու համար Հայաստանից տարբեր բանակցային հիմքեր պիտի դրվեն շրջանառության մեջ, ինչն այժմ չի արվում. «Երբ ասում ենք` ինքնորոշման սկզբունքով պիտի հակամարտության ճակատագիրը որոշվի, դա համարում ենք մեծ նվաճում ու հպարտանում, թե տեսեք` աշխարհն ընդունեց ինքնորոշման սկզբունքը: Բայց սա նշանակում է` մենք ընդունում ենք, որ այդ տարածքն օրինապես Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, պարզապես դրանից օրինապես պիտի անկախանա մի հատված ու միանա Հայաստանին: Այնինչ այդ դեպքում ԼՂԻՄ հինգ շրջաններից չորսի մասին կարող է խոսք գնալ, իսկ ի՞նչ ենք անելու մյուսների հետ»:
Եզրափակելով թեման` պարոն Պապյանը նաեւ հարց բարձրացրեց` արդյոք այդպես անկախանալով ու միանալով Հայաստանին` Արցախը կկարողանա՞ գոյատեւել: Նշվածը հաշվի առնելով` այս ճանապարհն այժմ լուծման տարբերակ չէ:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930