Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային բեմահարթակում հայկական ներգրավվածության բանաձեւը

Նոյեմբեր 12,2016 16:00

Հայաստանի դիվանագիտությունը ամենատեսանելիներից մեկն է աշխարհում: Այս գնահատականը պատկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որը նա եւս մեկ անգամ կրկնեց Էդվարդ Նալբանդյանի հետ սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպման ընթացքում:

Որպես ԱԳՆ մամլո քարտուղար՝ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Էդվարդ Նալբանդյանի եւ Պան Գի Մունի՝ շուրջ մեկ տասնյակի հասնող հանդիպումներին։ Դրանց ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միշտ դրվատանքով է արտահայտվել Հայաստանի միջազգային ակտիվ դերակատարության մասին:

Դիվանագետները գիտեն՝ ինչ ասել է բազմակողմ դիվանագիտություն եւ այդ համատեքստում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որը, որպես կանոն, մեկնարկում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին: Արդեն որերորդ անգամն է, ինչ ուղեկցում եմ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Գլխավոր ասամբլեայի բացման աշխատանքների ընթացքում եւ, սեփական փորձի վրա հիմնվելով, կարող եմ փաստել, թե ինչ են նշանակում այդ նստաշրջանի շրջանակներում տարվող հսկայական դիվանագիտական աշխատանքը, բազում անքուն գիշերները, բազմաթիվ նախագծերի վրա աշխատանքը, անվերջանալի թվացող երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներն ու տասնյակ ելույթները: Մտքիս են գալիս նախարար Նալբանդյանի խոսքերը. «Դիվանագիտությունը նման է սառցալեռան. այն մասը, որը տեսանելի է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է անտեսանելի»։

Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ պատվիրակության աշխատանքային օրակարգը, ձեւավորված բարի ավանդույթի համաձայն, բավականին հագեցած էր:
Եվ դա պատահական չէ, քանի որ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանները հանդիպումների ու քննարկումների համար արտակարգ հնարավորություն են ընձեռում, քանզի ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները գտնվում են Նյու Յորքում: Պետք է հաշվի առնել, որ այդ պայմաններում ամենեւին էլ դյուրին չէ երկկողմ հանդիպումների անցկացման համաձայնեցումը, որովհետեւ ավանդաբար բոլոր պետություններն են փորձում օգտվել այս հարթակից:

Հայաստանի արտգործնախարարի նյույորքյան հանդիպումները հանգամանալից ներկայացված են արտգործնախարարության մամլո տիրույթում, ուստի սույն հոդվածն ամենեւին նպատակ չունի խորամուխ լինել դրանց մանրամասներին, բայց, այնուամենայնիվ, այն փորձ է ընթերցողի ուշադրությունը հրավիրելու որոշ իրողությունների վրա՝ հետեւությունները թողնելով վերջինիս:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ունեցավ բազմաթիվ հանդիպումներ, մասնակից եղավ մի շարք կարեւոր բարձրաստիճան համաժողովների՝ ընդհանուր առմամբ չորս տասնյակից ավելի։ Սա՝ հրապարակման ենթակա հանդիպումների եւ միջոցառումների մասով։ Չհրապարակված հանդիպումների մասին հասկանալի պատճառով լռում եմ։

Բնականաբար, այցի հիմնական նպատակը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունն էր, որի ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Խորհրդանշական է, որ սեպտեմբերի 21-ին, երբ հանդիսավորությամբ նշվում էր Հայաստանի անկախության 25-ամյակը, մեր երկրի արտաքին գործերի նախարարը նախագահում էր Գլխավոր ասամբլեայի նիստը:

Այցի բազմակողմ օրակարգը չէր սահմանափակվում միայն Գլխավոր ասամբլեայով։ Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ նախագահի հրավերով մասնակցեց Փախստականների հարցերին նվիրված գագաթնաժողովին։ Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից կազմակերպված փախստականների եւ միգրանտների հիմնախնդիրներին նվիրված գագաթնաժողովին, որտեղ նույնպես ելույթ ունեցավ` ներկայացնելով, մասնավորապես, սիրիահայ մեր հայրենակիցների առջեւ ծառացած խնդիրները: Հատկանշական է, որ Հայաստանը՝ ի դեմս արտգործնախարարի, արժանացել էր գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստը նախագահելու պատվին։

Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Նալբանդյանը մասնակցեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում հրավիրված բազմակողմ նախարարական համաժողովներին։ Այս միջոցառումներին եւս նա հանդես եկավ ելույթներով:

Էդվարդ Նալբանդյանի երկկողմ հանդիպումները եւս ընդգրկուն էին՝ Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արեւելք, Ամերիկյան մայրցամաքներ, ԱՊՀ երկրներ, մեր անմիջական հարեւաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակել ոչ միայն մեր ավանդական գործընկերների հետ, այլեւ այն երկրների, որոնց, աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված, միշտ չէ, որ հնարավոր է լինում ցանկալի պարբերականությամբ բարձր մակարդակով քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Մասնավորապես, ահա այսպիսի հանդիպումների արդյունքում է, որ շատ երկրներում հնարավոր է լինում նաեւ կանխել բացասական զարգացումների՝ ներառյալ հակահայկական դրսեւորումների մեծ մասը, որոնք, որպես կանոն, մեր հակառակորդները փորձում են նախաձեռնել հատկապես իրական իրավիճակին ոչ քաջածանոթ երկրներում: Ուստի հայկական դիվանագիտության առաքելություններից մեկն է նաեւ նախաձեռնողական քայլերի միջոցով հնարավորինս լրացնել նաեւ այդ տեղեկացվածության բացը` օգտագործելով նաեւ բազմակողմ հարթակների ընձեռած հնարավորությունները:

Կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում նման մեծ քանակով հանդիպումներին պատրաստվելը, ինչը ներառում է երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակը, իրավապայմանագրային դաշտը, առեւտրատնտեսական համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, զրուցակից երկրի հետ Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող հարցերը։
Համաշխարհային ունիվերսալ կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները, երկկողմ օրակարգից բացի, ներառում էին նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, սպառազինությունների վերահսկումը, ահաբեկչության դեմ պայքարը, մերձավորարեւելյան զարգացումները, սիրիական ճգնաժամը, փախստականներին ու միգրացիոն հոսքերին նվիրված հարցերը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ այլ խնդիրներ։

Բոլոր նրանք, ովքեր հետեւել են արտգործնախարար Նալբանդյանի աշխատելաոճին, գիտեն, որ նա առիթը բաց չի թողնում իր այցերի ընթացքում շփվելու քաղաքագիտական կենտրոնների եւ կրթական հաստատությունների առաջատար վերլուծաբանների ու ուսանողների հետ: Այս այցը եւս բացառություն չէր: Նա ելույթներ ունեցավ ԱՄՆ-ի համաշխարհային համբավ ունեցող հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում՝ Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում, Հյուսթոնի Ռայսի համալսարանի Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտում, Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում, Բերքլիի համալսարանում եւ Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում: Միջազգային հանրային կարծիք ձեւավորող այս ազդեցիկ հարթակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, մանրամասն անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ապրիլյան ագրեսիայի եւ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների եւ պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետեւանքով ստեղծված իրավիճակին, ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում, չափազանցություն չի լինի ասել, Հայաստանի առաջնորդող դերակատարությանը եւ շատ այլ հարցերի: Այս հարթակներում հայտնի քաղաքագետների, վերլուծաբանների, բարձրաստիճան շահագրգիռ դիվանագետների հետ քննարկումներ տեղի ունեցան:

Իհարկե, Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցչի որեւիցե այցելություն, հատկապես հայաշատ երկիր, չի կարող անցնել առանց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների։ Այս առումով նախարարի ամերիկյան վերջին այցելությունը ուներ, բնականաբար, նաեւ համայնքային բաղադրիչ։ Արժանահիշատակ է Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը եւ ելույթը Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Միացյալ Նահանգներ այցելության ծրագրում տեղ էր հատկացվել նաեւ հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպումներին՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի քննարկման նպատակով։

Անկասկած, այս ամփոփման մեջ կարեւոր է հիշատակել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ արտգործնախարարի հանդիպումը, ինչն առիթ էր վերահաստատելու մեր հանձնառությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարմանը։

Նման ակտիվ ներգրավվածության եւ շփումների շնորհիվ է, որ աշխարհում առավել ընկալելի են դառնում մեր արտաքին քաղաքական մոտեցումները, տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։ Սրա արդյունքում է, որ Հայաստանն այսօր միջազգային հարաբերություններում հանդես է գալիս եւ ընդունվում որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր։

Շատ ցավալի է, իհարկե, որ մեզանում կան իրենց մասնագետ համարող մարդիկ, նույնիսկ ԱԳՆ-ում որոշ ժամանակ աշխատած անձինք, ապա հեռացած, ավելի ճիշտ՝ հեռացված, ովքեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության մասին դատում են «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսի դատողություններով, օրինակ՝ հարցականի տակ դնում Հայաստանից ութսուն, նույնիսկ իննսուն անգամ ավելի բնակչություն, հարյուրապատիկ անգամ ավելի տնտեսական ներուժ ունեցող երկիր այցելության կարեւորությունը, դրանք անվանում էկզոտիկ եւ ոչ կարեւոր։ Ակնհայտ է, որ որեւէ այլ երկրի՝ մեծ, թե փոքր, նկատմամբ պարզունակ մեծամտությունը կարող է բերել քո սեփական երկրի անտեսմանը։
Հայաստանի դիվանագիտությունն ուղղված է բարեկամ երկրների հետ փոխգործակցության առավել ամրապնդմանը եւ նոր բարեկամների ձեռք բերմանը, մեր հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը։ Արտաքին քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն ուժային ու ֆինանսական կենտրոնների հետ հարաբերությունների զարգացմամբ:

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումների նման հագեցած օրակարգի մասին այսքան ծավալվելու կարիք չէր լինի, եթե որոշ գործիչներ, չունենալով որեւիցե հիմնավոր փաստարկ, սեփական անձի մասին հիշեցնելու նպատակով չփորձեին էժանագին բամբասանքի միջոցով փնովել ԱԳՆ-ի ամենօրյա անձնվեր աշխատանքը, որի շնորհիվ դիվանագետի բարձր կոչումը կրող իմ գործընկերները կարող են պարզ ճակատով նայել մեր հասարակության եւ հայրենակիցների աչքերին։
Շարունակելի

 

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ

 

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930