Կարինե Հակոբյանը մեկնաբանում է, թե ինչու են մարդիկ
վրդովվել բանակի համար հանգանակվող 1000 դրամի համար
«Այդ նախաձեռնության շուրջ առաջացած դժգոհության առաջին պատճառն այն է, որ մեր հասարակությունը շատ պառակտված է, եւ սոցիալական համերաշխության մթնոլորտն իսպառ բացակայում է: Այսինքն` մենք, որպես ազգ, այս 25 տարիների ընթացքում համախմբվելու եւ միասնանալու փոխարեն՝ չունենք այն գիտակցությունը, որ ընդհանուր սոցիալական նպատակներ ունենք: Այդ հազար դրամն այն գումարը չէ, որ մեծ ազդեցություն ունենա յուրաքանչյուրի գրպանի համար»,- մեկնաբանելով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու ՊՆ-ի նախագծի շուրջ առաջացած դժգոհությունները՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց հրապարակախոս, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Արդեն քանի օր է՝ այս նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում, եւ որքան էլ այս նախաձեռնությունը առնչվում է բանակին, մեր սահմանները պահող զինվորին ու նրա ընտանիքին, այդուհանդերձ՝ նախագիծը հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել եւ ներառյալ սոցցանցերում դարձել քննադատության առարկա:
Երեկ լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են այդ գումարները քաղաքացիներից պահվելու, ինչո՞ւ պետությունը չի հոգում բանակի խնդիրները, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ծրագրով ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է նախատեսվում ներդնել, որով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական պետք է վճարի 1000 դրամ. «Ցանկացած ապահովագրական համակարգ, բնականաբար, ենթադրում է որոշակի վճարումներ: Իսկ ամենակարեւոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, ներդնել հնարավորինս գումարներ եւ նաեւ կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»,- պարզաբանեց նախարարը: Սոցապ նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այս բեռը չի ընկնի:
Ինչպես տիկին Հակոբյանն ասաց` նախագիծն իր սրտով է. «Այստեղ միայն այդ 1000 դրամը չէ, այն է, որ մենք բոլորս ենք մասնակից լինում դրան, որովհետեւ դա մեր բոլորի պարտականությունն է: Դա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ դրանից բացի, իհարկե, արդեն պետական բյուջեից պետք են որոշակի ներդրումներ, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց կյանքն են զոհում, որոնք պատրաստ են պաշտպանելու մեր սահմանները եւ պաշտպանում են, նրանք պետք է լինեն շատ արտոնյալ վիճակում եւ նաեւ սոցիալապես պաշտպանված, եւ դա արդեն պետական իշխանության պարտականությունն է: Այդ բողոքի պատճառը վկայում է մեր սոցիալական պառակտվածության մասին, իսկ այդ սոցիալական պառակտվածությունը գալիս է սոցիալական բեւեռացումից: Այն տնտեսական համակարգը, որ մենք այս տարիների ընթացքում գրկաբաց ընդունել ենք, այդ ծայրահեղ շուկայական տնտեսությունը նպաստեց այդ սոցիալական բեւեռացմանը: Իսկ սոցիալական բեւեռացումն ինքնըստինքյան բերում է ազգի պառակտման: Դա բնական է` հարստությունը որ կուտակվում է` ազգը պառակտվում է, հարստությունը երբ բաժանվում է` ազգը միավորվում է, դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մենք գնացել ենք այդ սոցիալական բեւեռացման ճանապարհով»:
Կարդացեք նաև
Կարինե Հակոբյանի խոսքով՝ այդ խնդիրը որոշ չափով կարող են լուծել նոր Սահմանադրությունում առկա մի քանի լավ կետերը, որոնցից մեկը սահմանում է, որ մեր տնտեսվարությունը սոցիալական շուկայական տնտեսությունն է:
«Դա, իհարկե, մեկ տող է, թե ինչպես դա ենթաօրենսդրական ակտերով կիրականացվի եւ կդառնա իրականություն, արդեն երկրորդ քայլը պիտի լինի, որը շատ կարեւոր է, այսինքն` օրենքներով պիտի կարողանանք համակարգն այնպես կառավարել, որ այդ ծայրահեղ հարստացումը եւ ծայրահեղ աղքատացումը չլինի, եւ այդ դեպքում միայն այս նախաձեռնությունը շատ բնական կընկալվի: Յուրաքանչյուրը մասնակից կլինի այդ միջոցառմանը, դա կլինի նրա հոգու պարտքը, մարդն անգամ իրեն լավ կզգա»,- համոզված է Կարինե Հակոբյանը: Ըստ նրա՝ անգամ հարկեր վճարելուց մարդիկ սիրով են վճարում դրանք, երբ իմանում են՝ ինչին է ծառայում. «Երբ իրենք գիտեն, որ այդ հարկը ծառայում է պետության զարգացմանը, բանակի հզորացմանը, բոլորը հաճույքով կվճարեն այդ հարկերը: Այստեղ այդ գիտակցությունն է պակասում: Կա սոցիալական կապիտալ հասկացությունը, որը մեզ մոտ բացակայում է, այդ վստահությունը չկա, այդ ընդհանուր համերաշխությունը, ընդհանուր շահի գիտակցումը չկա»:
Նշենք, որ նախագծի համաձայն՝ զինծառայողի մահվան եւ 1-ին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ կվճարվի 10 միլիոն դրամ, 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կտրվի ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամի չափով: 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում սպայական անձնակազմին՝ 200 հազար դրամ, ենթասպաներին՝ 150 հազար, իսկ շարքային անձնակազմին՝ 100 հազար դրամ։ Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպայի ընտանիքին` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ:
Միջոցները կձեւավորվեն աշխատավարձերի հաշվին՝ յուրաքանչյուր ոք 1000 դրամ իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից կհատկացնի հիմնադրամին:
Երեկ կառավարությունում այս հարցը ներկայացնելիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագծի անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ միայն բյուջեով նախատեսված միջոցներով հնարավոր չէ ամբողջովին հոգալ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով առաջացած ծախսերը, եւ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
11.11.2016