Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հետեւի գայլը մեզ ի՞նչ կանի

Նոյեմբեր 12,2016 15:00

Պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի, եթե հանքարդյունաբերական բիզնեսը գիշատչաբար իր ուզածն անի առանց բնապահպանների հետ հաշվի նստելու: Այո, մենք միանգամից կապրենք դժողքում, կամ էլ հակառակը՝ բնապահպանները լինեն ամեն ինչի միանձնյա տիրակալները: Դե իհարկե՝ մինչեւ այսօր էլ կապրեիք քարի դարում եւ կրակը կստանայինք քարերը շփելով: Երկու տարբերակն էլ մեզ կգցի ծայրահեղությունների գիրկը: Սա նման է այն վիճակին, երբ կիթառի լարը կամ լավ թուլացնում ենք, կամ էլ՝ չափից շատ լարում: Առաջին դեպքում կլսվի բամբ ու տհաճ ձայներ, իսկ երկրորդ դեպքում՝ ձայնը կլինի մետաղական, իսկ լարը նույնիսկ կկտրվի: Դրա համար էլ երաժիշտները բծախնդրորեն լարում են գործիքները: ՈՍԿԵ ՄԻՋԻՆԻ -ի օրենքը ցանկացած ծայրահեղության դեմն առնելու միակ ճշմարիտ ճանապարհն է:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ եռացող կրքերը խոսում են այն մասին, որ առաժմ «ոսկե միջինը» գտնելու ցանկությունը մեծ չէ: 90-ականների սկզբներին Հայաստան այցելեց Լիբանանի էկոլոգիայի հայազգի նախարարը: Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է Լիբանանը լուծում տնտեսության զարգացում եւ բնապահպանություն հավերժական հակամարտությունը, նա պատասխանեց՝ «Երկու կողմն էլ պետք է պատրաստ լինեն զիջել, քանի որ յուրաքանչյուրն էլ կարող է բարձր գոռալ ու ճոճել իր փաստարկները: Եվ մեկ էլ՝ պնդելուց կամ առարկելուց առաջ նրանք պարտավոր են ներկայացնել այլընտրանքային մոտեցումներ: Այդպես հեշտ է լինում միմյանց հասկանալը»:

Բրիտանական «Lydian international» ընկերությունը, որը շուրջ 370 միլիոն դոլարի ներդրումային ծրագրով ստանձնել է Ամուլսարի հանքի շահագործման պարտավորությունը, պատրաստակամ սպասում է բնապահպանական հասարակական կազմակերպությունների ամենատարբեր առարկություններին եւ խելամիտ առաջարկներին, քանի որ պետական կառույցի փորձաքննությունն առ այս պահը տագնապահարույց պատճառներ չի գտել այս հեռանկարային նախագիծը կասեցնելու համար: Շուրջ 5 տարի տեւած հետազոտությունից հետո կազմվել է 1500 էջանոց եզրակացություն, տեղի են ունեցել բազմաթիվ հանրային քննարկումներ: Ի դեպ, սա այն դեպքն է, երբ սահմանվել է խնդրի բնապահպանական եւ սոցիալական կառավարման նշաձողը բարձրացնելու նոր ուղղություն եւ մշակույթ, որովհետեւ առաջարկվել է բնապահպանական հանրային սեկտորի հետ համագործակցելու առավել կատարելագործված տարբերակ: Սա նշանակում է, որ մեր հասարակական բնապահպանները պարտավոր էին հանդես գալ նույնքան լուրջ առարկություններով եւ այլնըտրանքներով, որը ինչպես երեւում է՝ չեն արել մինչեւ օրս: Լավ է՝ գոնե բնապահպանների մյուս հատվածը, որը առավել լոյալ է եւ մտահոգ մեր երկրի ընդերքի եւ թե տնտեսության զարգացման հեռանկարով, փորձել է աջակցել պրոբլեմների բացահայտմանը: Իսկ առավել կարծր դիրքորոշում ունեցողները իներցիայով եւ հուզական գնահատականներով շարունակում են խիստ կանխակալ վերաբերմունք դրսեւորել, հանդես գալ «Էկոլուր» մամուլի սրահի ամբիոնից եւ կազմակերպել հրապարակային բողոք-ակցիաներ: ա եւս նորմալ է: Իրոք, անհանգստության առիթ տվող իրողություն է, որ Ջերմուկ առողջարանը կարող է վերածվել հանքափորների բնակավայրի, որ վտանգի տակ կարող է հայտնվել Որոտան եւ Արփա գետերի, հետեւաբար նաեւ՝ Սեւանի ջրերի որակը, վախ կա, որ առողջարանի հանքային ջուրը կփոխի իր բաղադրությունը: Կամ՝ մի՞թե մտահոգիչ չէ, որ մեր երկիրը մինչեւ օրս չունի ռիսկայնության գնահատման միասնական մեթոդոլոգիա, ինչպես նաեւ՝ չպետք է բացառել, որ կան կենդանական եւ բուսական աշխարհին սպառնացող վտանգներ եւ այլն, եւ այլն: Բնապահպանների կարծիքների մեջ կան բավական ուշագրավ մտքեր եւ անհանգստություններ, որոնք միանշանակ արժանի են ուշադրության: Եվ հետո, միշտ չէ, որ մարդիկ միայն իրարամերժ, իրար հակասող բաներ են ասում, այլ պարզապես նույն առարկային նրանք նայում են տարբեր դիտանկյուններից: Հետեւաբար՝ բուն խնդիրը ձեռնարկի օգուտների եւ վնասների, ռիսկերի եւ տնտեսական հեռանկարի խորքային բացահայտումն է: Հետաքրքիր է, կա՞ աշխարհում գոնե մի երկիր, որը կարողացել է լրջորեն զարգանալ տնտեսապես՝ որեւէ չափով չվնասելով իր բնությանը եւ ընդերքը: Ուրեմն՝ խնդիրը առաջին հերթին բնությունը շահագործելու չափերի ու ռիսկերի մասշտաբների մեջ է: Այս համատեքստում փորձենք հասկանալ, թե, այդուհանդերձ, ինչո՞ւ չեն համատեղվում պետական եւ հանրային կառույցների մտահոգությունները: Նախ՝ բնապահպանական ճակատի ներկայացուցիչները հայտարարում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը քաղաքական պատվեր է, ուստի պետք չէ հուսալ, որ նախարարությունը դրան կընդդիմանա: Հետաքրքիր է, այս աշխարհում կա՞ գոնե մի բան, որի հետեւում այս կամ այն չափով քաղաքական պատվեր կամ շարժառիթներ չլինեն:

Մի՞թե դա է հարցը: Նրանք այս կետում նման են այն ծույլիկ աշակերտին, որը մաթեմատիկայի խնդիրը լուծելու փոխարեն՝ արագ բացում է վերջին էջի պատասխանը եւ միանգամից այն արտագրում: Ըստ այդ «պատասխանի»՝ Ամուլսարի հետեւում գայլ կա եւ նա մեզ կուտի, հանքի շահագործումը միանշանակ վատ է եւ միանշանակ կործանարար մեր բնաշխարհի համար, քանի որ այն քաղաքական պատվեր է եւ իրականցվում է «հանցավոր ռեժիմի» ձեռքով: Երբ վերաբերմունքը թշնամական է իշխանության հանդեպ, մնում է ընդամենը առիթը գտնել: Դե պարզ է, այստեղ հարցի գործնական մասն արդեն մղվում է հետին պլան եւ ինչպես բնապահպանության նախարարն օրերս նշեց իր խոսքում, եւ փոխարենը գերիշխում են զուտ հուզական մոտիվներն ու շահարկումները: Այսինքն՝ չի առաջարկվում այլընտրանք, հետեւաբար, անհնար է դառնում ինչ-որ բան ինչ -որ բանի հետ համեմատելը: Իսկ բնապահպան ակտիվիստներից մեկն էլ այնքան ոգեւորվեց, որ իր ֆեյսբուքյան էջում առաջարկեց Դաշնակցությանը՝ «բամփել» բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, քանի որ նա տեղը չի բերում, որ ինքն այլեւս ուրիշ գերատեսչության ղեկավար է: Կարդալով նմանատիպ նյութերը՝ մարդ ակամայից մտածում է, որ ոմանց ամեն ինչից առավել մեկին «բամփված» տեսնելու հեռանկարն է ոգեշնչում, ուրիշ ոչինչ… Նոբելյան մրցանակի դափնեկիր, անգլիագիր արաբ մեծ գրող ու մտածող Խալիլ Ջեբրանն այս մասին մի գողտրիկ առակ ունի, որը, կարծում ենք, ուսանելի կլինի «բամփելու» սիրահարներին: Իմաստունը խրտվիլակին հարցնում է՝ «Լսիր, ես հասկանում եմ գյուղացուն, որ քո օգնությամբ թռչուններից ու կենդանիներից այգու իր բերքն է պաշտպանում, հասկանում եմ անխելք թռչուններին ու կենդանիներին, որ չգիտեն, որ քո տակը ոչինչ չկա, դու փալասների կույտ ես: Բայց ինձ հասկանալի չէ, թե դու ինչպես ես քեզ զգում այդ հիմար ու դատարկ դերի մեջ»: Խրտվիլակը հպարտորեն պատասխանում է՝ «Դա այդպես է, բայց բոլորովին էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինձնից ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ… »: Ժողովրդական խոսքն ասում է՝ Աստված մեզ կարոտ պահի այսպիսի «բնապահպաններից»:

Համոզված եմ՝ ընդդիմադիր բնապահպանները յուրաքանչյուրիցս ոչ պակաս ուզում են, որ մեր երկիրը տնտեսապես զարգանա, լինեն լուրջ եւ հեռանկարային ներդրումներ եւ փոխվի պետության եւ ժողովրդի սոցիալական վիճակը եւ այդ ամենի դիմաց շատ թանկ չվճարենք: Նույնքան էլ վստահ եմ, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կողմնակիցներն անկեղծորեն մտահոգ են Ջերմուկի առողջարանի ապագայով եւ չէին գնա ավելորդ ռիսկերի, եթե դրանք իրոք լինեին: Սա է այն «ոսկե միջինի» փիլիսոփայությունը, որի վրա պետք է հենվեն կողմերը: Եթե տիրապետող դառնա այս գիտակցությունը, ապա կարելի է շրջադարձ արձանագրել ոչ միայն Ամուլսարի, այլեւ մեր երկրի բնապահպանական մյուս խնդիրներում եւս, ինչի մասին պետական մակարդակով առաջինը խոսեց նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարն այսօր արդեն խոսում է կառավարության ծրագրով նախատեսված ՀԷԿ-երի շահագործման օրինականության եւ արդյունավետության հարցերի մասին, խոստանում է խիստ հսկողություն սահմանել ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ ձկնարտադրողների եւ խորքային հորերի օգտագործողների վրա: Վերջապես՝ առաջին անգամ հարց է դրվում լրջորեն զբաղվել էկոտուրիզմով, ընդլայնել միջազգային դոնոր կազմակերպությունների շրջանակը, ծրագրերում ներգրավել մասնավորին, բացառել կենսառեսուրսի քայքայումը եւ վերջապես՝ կատարելագործել երկրի բնապահպանության փորձաքննական համակարգը եւ այլն: Սրանք եթե ոչ հեղափոխական, ապա գոնե արմատական քայլեր են: Սա խոսում է այն մասին, որ սկիզբ է դրվում բնապահպանական նոր մտածողությանը եւ վարքագծին թե պետական եւ թե հանրային մակարդակներում: Հանրային սեկտորն այսօր հնարավորություն է ստանում ոչ թե շարունակել նախկին էմոցիոնալ ու քաղաքականացված գործելաոճը, որը երբեմն էլ հեշտությամբ նրան մարգինալացնում էր, այլ իր այլընտրանքային առաջարկներով հանդես գալով նորովի հաստատել իրեն, իսկ կառավարությանն ու կոնկրետ նախարարին էլ խստորեն ասել՝ «Խոստացել եք, տեր կանգնեք ձեր խոստումներին, հասարակությունը ուշիուշով հետեւում է ձեր բոլոր քայլերին»: Ասել ու լինել հետեւողական մինչեւ վերջ:

 
ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆ

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Իսկ այս հոդվածի հեղինակը կարդացե՞լ է անկախ փորձագետների ու գիտնականների կարծիքները Ամուլսարի ծրագրի մասին, թե՞ միայն նախարարների ու Լիդիանի կարծիքներին ու փաստաթղթերին է ծանոթ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930