Ֆրանսիայի Նիցցա քաղաքում վերջերս կայացած 9-րդ «Concours International de Piano Nice Cote d Azur» դաշնակահարների միջազգային մրցույթում միակ հայ ներկայացուցիչ, բելգիաբնակ մեր հայրենակից Արմեն-Լեւոն Մանասերյանն արժանացել է առաջին մրցանակի:
Ժամանակին «Առավոտը» ներկայացրել է արվեստագետին («Առավոտ», 23.06.2016): Հիշեցնենք, որ Արմեն-Լեւոն Մանասերյանը ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում, այժմ շարունակում է ուսումը Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Էթիեն Րապպեի եւ Ֆրանսուա Տիրիի ղեկավարությամբ: Նշենք նաեւ, որ միայն սպորտում չէ, որ մեր անվանի մարզիկները, մեղմ ասած՝ լավ «դաս են տալիս» ադրբեջանցի կոլեգաներին: Երիտասարդ դաշնակահարը գարնանը Բրյուսելում անցկացվող հեղինակավոր EPTA միջազգային մրցույթում դարձել էր դափնեկիր՝ մրցակցության արդյունքում դուրս թողնելով ադրբեջանցի կոլեգային: Սա դեռ ամենը չէ. «Առավոտի» հետ զրույցում Արմեն-Լեւոնը հավաստիացրել էր, որ մրցութային բուկլետում ադրբեջանցու անվան դիմաց սխալմամբ գրված է եղել Հայաստան, ինչը ուղղվել է մեր դաշնակահարի հորդորով:
Դաշնակահարի հետ այս հանդիպման ժամանակ խնդրեցինք հակիրճ ներկայացնել շուրջ մեկ տարի առաջ իր հիմնադրած «Vitrage» փառատոնի ընթացքը: Նախորդ զրույցի ժամանակ դաշնակահարը մանրամասն ներկայացրել էր տարեսկզբից մինչեւ ամառ փառատոնային ծրագիրը: Ընդ որում, այս միջոցառումը, բացի երաժշտարվեստից, ընդգրկում է նաեւ այլ ոլորտներ եւս՝ թատրոն, կերպարվեստ եւ այլն: Արվեստագետը նախ նշեց, որ փառատոնն անցկացնում է Բրյուսելի Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի, «Հայի տան» եւ Բելգիայում ՀՀ դեսպանության հետ, ապա հայտնեց, որ փառատոնի հրավերով սեպտեմբերին երկու ներկայացմամբ Մոսկվայից ժամանել է հայկական թատրոնը, հետո ելույթներ են ունեցել Հայաստանից երգչուհիներ Հասմիկ Ասատրյանը, Մարիա Մնացականյանը, Լիլիթ Խաչատրյանը, ԱՄՆ-ից էլ՝ իր հեղինակային երեկոյին ներկա է գտնվել ամերիկահայ ճանաչված կոմպոզիտոր, «Գրեմմիի» ներկայացված Հայկ Բոյաջյանը: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ. «Նոյեմբերի 11-ին Հայկ Սուքիասյանի հետ կկատարենք Շոստակովիչի դաշնամուրի եւ թավջութակի համար գրված սոնատները՝ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգում, հետո Բրյուսելի «Հայ տանը»՝ մեր դեսպանության հովանու ներքո, կազմակերպել ենք երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին»:
Հետաքրքրությանը, թե փառատոնի կազմակերպչական աշխատանքները չե՞ն խանգարում դաշնակահարի կարիերային, Արմեն-Լեւոն Մանասերյանը ժպտալով ասաց, թե ինքը հասցնում է նաեւ մասնակցել մրցույթների եւ վարպետության դասերի. «Վերջին շրջանում մասնակցել եմ նաեւ այլ մրցույթների եւս եւ դարձել դափնեկիր: Կառանձնացնեմ ամենահեղինակավորը՝ 33-րդ անգամ անցկացվող Անդրե Շառլեի անվան մրցույթը: Անցած երկու տարիներին հաճախել եմ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի կոնսերվատորիա, «Mozarteum» ամառային ակադեմիա, որտեղ վարպետության դասեր էր անցկացնում պրոֆեսոր Յոսեֆ Պարատորեն: Նա ինձ հրավիրեց մասնակցելու Իտալիայի Մոնտեպուլչիանո քաղաքի «Palazzo Ricci» վարպետության դասերին: Մասնակցություն եմ ունեցել Գերմանիայի Կասսել քաղաքում անցկացվող «VII International Hugo-Staehle-Festival for Young Pianists» միջոցառմանը, որի շրջանակներում նաեւ վարպետության դասերի եմ հաճախել հայտնի դաշնակահար Հերբերտ Կոխի մոտ: Կուզեի նշել նաեւ դասընթացներս Իրինա Օսիպովայի, Ալեքսանդր Խազանովի, Շել-Վու Բաենի (Հարավայի Կորեա), Միշել Ջիոիոզանի (Իտալիա), Ջուրո Տիկվիցանի (Խորվաթիա) ղեկավարությամբ: Ի դեպ, Հերբերտ Կոխի հրավերով այս տարի մասնակցեցի նաեւ որպես հյուր-կատարող իր դասարանական համերգին, որը կայացավ Գերմանիայի ճանաչված դահլիճներից մեկում՝ «Musikhochschule Munster University»-ում»:
Դիտարկմանը՝ զրույցի ընթացքում նշեցիք եվրոպական, ռուս երաժշտության ձեր մեկնաբանությունների մասին, բացի հայկականից, Արմեն-Լեւոն Մանասերյանը հակիրճ պատասխանեց. «Հայկականը կատարողական արվեստիս անբաժան մասն է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
11.11.2016