Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արեց մի պարզ ամերիկահայ՝ Հալեպի վերջին դեպքերից հետո

Նոյեմբեր 12,2016 14:00

Դեռ մի շաբաթ չկա, որ վերադարձել եմ Հայաստանից ու Արցախից, ուր մասնակցում էի Լրագրողների 8րդ համահայկական համաժողովին, որը հրավիրվել էր Սփյուռքի նախարարության կողմից: Համաժողովն օգտակար էր իր բոլոր նպատակային առումներով, բայց այդ մասին մի առանձին առիթով կգրեմ:

Ես բնակվում եմ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիկրի փոքրիկ քաղաքում: Մեր համայնքը կենտրոնացած է Շառլոտի Սբ. Սարգիս Հայ առաքելական եկեղեցու եւ տեղի Հայ մշակութային միության շուրջը: Շառլոտի հայ համայնքի մասին երեւի շատ չեք լսել: Համայնքը երիտասարդ է, փոքր եւ ունի շատ սահմանափակ հնարավորություններ: Բայց այստեղ ապրում են մեծ սրտով, մարդասեր ու հայրենասեր մարդիկ, որոնցից մեկի մասին ուզում եմ պատմել այսօր:

Երեկ ինձ զանգահարեց Շառլոտի մեր համայնքի իսկապես խոնարհ ու բացառիկ մարդասեր մարդկանցից մեկն ու հարցրեց, թե ինչպե՞ս էր իմ ճամփորդությունը հայրենիք: Ես պատմեցի իմ խանդավառության ու հատկապես Հայաստանում տեղի ունեցող ու թափ հավաքող բարեփոխումների մասին: Բայց խոսակցության ժամանակ սովորեցի, թե ինչ կարող է անել սովորական մարդը մերձավորի ու հայրենիքի նկատմամբ: Ինչքան լուռ ու խոնարհությամբ նա կարող է դա անել ու ինչպիսի նվիրումով: Այս մարդը Հալեպի վերջին դեպքերից հետո սկսել է զանգահարել ԱՄՆ-ի տարբեր տեղերում բնակվող իր ընկերներին ու գումար խնդրել Հալեպի հայերին Հայաստան տեղափոխելու համար: Ինչպես գիտեք, Հայաստանում արդեն գործում են մի քանի հասարակական կազմակերպություններ, ովքեր օգնում են Հայաստան հաստատվել ցանկացողներին գալ հայրենիք: Պատմեց, որ մեկից 2,500 դոլար է խնդրել, բայց մարդը փոստով 5,000 է ուղակել: Մեկ ուրիշն էլ 1,000 էր նվիրաբերել ու այս ամբողջ գումարը փոխանցվել էր հալեպահայերին Հայաստան տեղափոխվել օգնող կազմակերպություններից մեկի հաշվին, որի հետ արդեն ամեն օր աշխատում է մեր այս բարեկամը:

Ասեմ, որ մեր բարեկամն առողջության խնդիր ունի ու տեղափոխվում է դժվարությամբ: Այսուհանդերձ, այս շաբաթներին, ամեն կիրակի նա գնում է մի որեւէ ամերիկյան եկեղեցի, պատմում Հալեպում բնակվող քրիստոնյաների կացության մասին ու խնդրում օգնել՝ ներկայացնելով, որ Հայաստանն այն մի քանի բացառիկ երկրներից մեկն է, ով օգնում է Սիրիայի ժողովրդին:

Այս մարդը շաբաթվա մեջ ծրարներ է պատրաստում հետադարձ հասցեով ու սիրիահայերի մասին տեղեկատվությամբ ու բաժանում այդ եկեղեցուց դուրս եկող քրիստոնյա մարդկանց: Եվ այսպես ամեն կիրակի, եւ այդ միջոցները Հայաստան, ու այնտեղից՝ Հալեպ, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն հաստատվել հայրենիքում, կարողանան դա անել:

Հիմա երեւի ոմանք կմտածեն, որ այստեղ նշված թվերը փոքր են ու դրանց ներուժն էլ՝ սահմանափակ: Բայց այս մեկ մարդու ջանքերի շնորհիվ արդեն 10-12 հայ Հալեպից ապահով տեղափոխվել է Երեւան: Իսկ գործը դեռ շարունակվում է: Իսկ եթե բոլորս՝ ամեն մեկս մեր տեղում մեր ձեռքից եկածն անենք մեր ազգի ու պետության համա՞ր:
Մենք չունենք նավթ, բայց ամբողջ աշխարհով մեկ ունենք հայրենասեր մարդկանց մի ամբողջ նվիրյալ բանակ: Աշխարհի ամենազարգացած երկրները նավթով հարուստ երկրները չեն, այլ այն երկրները, ովքեր հաջողել են իրենց մարդկային նվիրումի ներուժը ճիշտ օգտագործել՝ երկրում ստեղծելով արդարության ու հավասար հնարավորության ասպարեզ:

Ես հավատում եմ, որ Հայաստանում ու Սփյուռքում ստեղծվել է մեր պետականությանը զորացնող մի լուռ, բայց հզոր շարժում: Բոլորս հասկանում ենք սրա նշանակությունն ու կարեւորությունը: Հիմա մեր թեւերը քշտելու ժամանակն է ու սեփական անձին հարց տալու պահը՝ «Ես ի՞նչ կարող եմ անել իմ ազգի ու պետության համար»:
Մենք սիրենք իրար, ու Աստված օրհնի մեր բոլորի բարի ջանքերը:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930