Լրահոս
Օրվա լրահոսը

«Վան Գոգի ինքնանկարի առաջ չկարողացա զսպել արցունքներս»

Նոյեմբեր 12,2016 13:30

Հարցազրույցն անցկացվել է արվեստաբան, ԵՊՀ արվեստաբանության
բաժնի դասախոս Լիլիթ Խաչատրյանի հետ

-Ո՞րն է արվեստ եզրույթի ձեր սահմանումը:

-Իրականում շատ դժվար է սահմանում տալ մի բանի, որն իրականում սահմաններ չունի: Ինձ համար արվեստը մարդու հոգին, ներաշխարհն ու կյանքը կամրջող օղակն է:

-Կիրառո՞ւմ եք, արդյոք, արվեստի մասին գիտելիքներն առօրյա կյանքում:

– Մասնագիտական գրականությունը ներառում է հարուստ տեղեկություններ համաշխարհային պատմության, փիլիսոփայության մասին: Դրանց իմացությունը օգնում է ինձ մերօրյա կյանքում մարդկանց հետ շփվելիս, բացի այդ, կենցաղում ցանկացած որոշում կայացնելիս, տունը ձեւավորելիս կամ կահավորելիս, հագուստ եւ նվեր ընտրելիս, ֆիլմ եւ գիրք խորհուրդ տալիս մտածում եւ որոշում եմ ընդունում որպես արվեստաբան:

– Ո՞րն է արվեստի Ձեր նախընտրած ուղղությունը:

-Ես մասնագիտացել եմ հայ արվեստի պատմության նորագույն եւ արվեստի պատմության ժամանակակից շրջանների ուսումնասիրության մեջ, դասավանդում եմ «Թատրոնի եւ կինոյի նկարչություն», «Խորհրդային Հայաստանի կերպարվեստ», սակայն ինձ առավել հոգեհարազատ ժանրը արվեստում երաժշտությունն է` դասական եւ ժողովրդական:

– Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր մտածողությունը, արժեքները, ըստ այդմ՝ նաեւ արվեստը. կարելի՞ է, արդյոք, եգիպտական, հունահռոմեական կամ Վերածննդի արվեստը դնել ժամանակակից արվեստի հետ նույն հարթության վրա:

– Հարցը հետաքրքիր է. նախնադարյան համայնական հասարակարգից առ այսօր` արվեստը մեծ փոփոխություններ է կրել` պայմանավորված հասարակական կառուցվածքի, պետական կազմավորումների առաջացման, կրոնական, մշակութային եւ այլ գործոններով: Միջնադարում աշխարհայացքի կենտրոնում Աստծո գաղափարն էր, Վերածննդի շրջանում վեր է խոյանում մարդու կերպարը հումանիզմի իդեալներով, իսկ XX-XXI դարերում արվեստի արժեքային համակարգը մեծապես փոխվել է` դառնալով խիստ անհատականացված եւ անկախ նախկին կաղապարներից ու պայմանականություններից: Ուստի ժամանակակից արվեստը հնարավոր չէ դիտարկել նախկին ուղղությունների հետ նույն հարթության վրա:

– Տարբերվո՞ւմ են, արդյոք, արվեստաբանության բաժնի ուսանողներն այլ ֆակուլտետների ուսանողներից:

– Արվեստի հետ շփում ունեցող մարդիկ միշտ էլ տարբերվում են թե՛ իրենց մտածելաոճով, թե՛ հագուկապով, ճաշակով եւ ներաշխարհով: Նույնիսկ այն ուսանողները, որոնք ի սկզբանե այլ տեղ պետք է ընդունվեին, բայց հայտնվել են արվեստի բաժնում, ժամանակի հետ սկսում են սիրել եւ ընկալել այն: Մեր դասերը ազատ եւ հետաքրքիր են անցնում: Մենք նպատակ ունենք արվեստը ներկայացնել եւ մատուցել այսօրվա իրականությանը համահունչ:

– Որեւէ տպավորիչ դրվագ կհիշե՞ք:

– Փարիզում՝ Ժամանակակից արվեստի Օրսեյ թանգարանում, Վինսենթ վան Գոգի ինքնանկարի առաջ չկարողացա զսպել արցունքներս: Մինչ այդ լավ ուսումնասիրել էի նրա կյանքը, բայց այդ պահին ինձ անվերջ մի միտք էր տանջում, որ մեծ նկարիչը իր ողջ կյանքի ընթացքում երազեց վաճառել գոնե մեկ կտավ, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի օրոք զգալ եւ վայելել իր համաշխարհային հռչակը: Մի օրինակ էլ հիշեցի. նկարիչ Քլոդ Մոնեն իր ամերիկացի աշակերտներից մեկին ասել էր, որ երանի կարողանար կուրանալ, այնուհետեւ նորից տեսնել եւ վերստին աշխարհի գույները առաջին անգամ տեսնել եւ ոչ նկարչի աչքերով: Ես եւս հաճախ երազում եմ մտնել թանգարան ոչ որպես արվեստաբան. ուզում եմ մոռանալ արվեստի մասին գիտելիքներս եւ պարզապես վերապրել արվեստը:

– Ցավոք, մեր երիտասարդներից ոչ բոլորն են հաղորդակից հայ եւ համաշխարհային արվեստին, ինչպե՞ս լրացնել այս բացը:

-Այսօր երեւանյան որոշ դպրոցներ համագործակցում են ԵՊՀ արվեստի բաժնի հետ, եւ X դասարանում իրենց դասացուցակում ներառել են «Արվեստի պատմություն» առարկան, որը ես ինքս առիթ եմ ունեցել դասավանդելու: Աշակերտներս հաճույքով էին լսում այդ դասընթացը: Ըստ իս` մյուս դպրոցները եւս կարող են հետեւել այս օրինակին: Արվեստը ճանաչելը ոչ պակաս կարեւոր է, քան լեզուն, պատմությունը, գրականությունը եւ մյուս առարկաները:

 
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Խաչատրյանի
ֆեյսբուքյան էջից:

 

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930