Երիտասարդությունից է սկսում ինքնակրթությունն
ու ինքնադաստիարակությունը
Երիտասարդությունը հաճախ անվանում են սիրո տարիք: Այն որպես տարիքային զարգացման փուլ ամենագրավիչն է։ Երիտասարությունը ոգեւորվածության, եռանդի, նպատակասլացության, գույնի, լույսի շրջան է, ինչպես նաեւ՝ հավատ սեփական ուժերի նկատմամբ: Երիտասարդությունից էլ սկսում է ինքնակրթությունն ու ինքնադաստիարակությունը: Հոգեբան Աննա Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես բնութագրեց երիտասարդության շրջանը` ավելացնելով, որ շատ հաճախ այդ որակները ֆիզիոլոգիական տարիքի հետ չեն համապատասխանում. «Կան, որ տարիքով մեծ են, բայց հոգով ավելի երիտասարդ են եւ նույնը՝ երիտասարդների մեջ»:
Երիտասարդության գործունեության վրա, ըստ մասնագետի, մեծ նշանակություն ունի նաեւ հասարակությունը, որից ստացած ժառանգությունը, նրա բնորոշմամբ, որպես դաստիարակություն, նպատակասլացությունը, կրթվածությունը, սոցիալականացված լինելն է:
Խոսելով հայ երիտասարդների մասին՝ հոգեբանը նշեց, որ այսօրվա սերունդը իսկապես յուրովի է, հատկանիշ է վերցրել իր արմատներից, որի վրա ձեւավորվել է մի նոր տեսակ. «Ավելի լավն են, քան` մենք, եթե մեկ-մեկ էլ բողոքում ենք, ապա պետք է ոչ թե բողոքենք, այլ գտնենք մեր սխալները, որ վատ օրինակ ենք եղել նրանց համար»:
Բոլոր ժամանակներում եղել են սերունդների բախումներ, որի վերաբերյալ Աննա Բադալյանն ասաց, որ այդ ամենը բնական, կենսականորեն նորմալ վիճակ է. «Նախ առաջինը` պետք է հաշվի առնել, որ սերունդների տարբերությունն այն է, որ մեկը գնում է դեպի անկում, մյուսը դեպի ծաղկունք, արդյունքում լինում են բախումներ, եւ եթե շատ հաճախ երիտասարդը կարողանում է իրեն ճիշտ դրսեւորել, գնահատել, հասկանալ, հանդուրժել մեծին` խոսում է լավ սերնդի մասին»: Հոգեբանի խոսքերով` դժգոհ, «փնթփնթան» մեծահասակները, որոնք գիտակցում են, որ նոր սերունդը իրենցից լավն է, սկսում են շատ հաճախ կրթող, դաստիարակող նոտայի տակ` ինքնահաստատվել երիտասարդների հաշվին` չկորցնել իրենց գոյություն ունենալու փաստը. «Մարդ հասուն է, երբ գիտակցում է՝ ժամանակն է իր տեղը զիջելու երիտասարդներին: Այն մեծերը, որոնք իրենց տարիքի հետ խնդիրներ ունեն, չեն գիտակցում, չեն ընդունում իրենց տարիքի հասունությունը եւ մեծ լինելու փաստը` այդ բախումներն ավելի հաճախ են լինում»:
Հասուն, իմաստուն մեծը, որը որոշ առումով պատկառանք է ներշնչում, ըստ մասնագետի, ոչ թե անընդհատ խրատում է երիտասարդին, այլ նեցուկ է լինում նրան՝ իր կյանքի իմաստության խորհուրդներով:
Կարդացեք նաև
Այսօրվա երիտասարդի ամենակարեւոր հատկանիշը, հոգեբանի խոսքերով, նա է, որ լինի ժամանակի մարդ, մարդ, որ տարբեր մշակույթների մեջ կարողանա ձուլվել, բայց սեփական ինքնությունը, մշակույթը կարողանա գնահատել, ներկայացնել. «Նա պետք է ադապտացիայի խնդիր չունենա: Այս ամենը գալիս է կրթվածությունից, լեզուների իմացությունից, տեղեկացված լինելուց: Եթե մարդ 17-ում հասուն է, 27-ում էլ հասուն կլինի, 37-ում էլ կդառնա ավելի իմաստուն, իսկ եթե նա չունի այդ հասունությունը, նա կարող է 27-ում էլ, 40-ում էլ, 60-ում էլ նույն որակներն ունենալ»:
Ծնող-երեխա հարաբերություններում առավելագույն հատկանիշը, ըստ մասնագետի, երկկողմանի հանդուրժողականությունն է, որն առաջանում է մարդու կայացած տեսակից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
11.11.2016