Դուդուկահար Հարություն Չքոլյանը հանդիսատեսին ներկայացրեց Armenian Soundscapes ձայնասկավառակը: Երիտասարդ արվեստագետը ճանաչված է նաև Հայաստանի սահմաններից դուրս, ներկայացրել է Հայաստանն ավելի քան 20 երկրների բեմերից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների:
Հարություն Չքոլյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս ձայնագրությամբ փորձել է իր սրտի նվագը փոխանցել ունկնդրին, հույս ունի` այն բոլորին դուր կգա: Ձայնասկավառակի շուրջ աշխատել է մոտ մեկ տարի, այն ներառում է 8 ժողովրդական ստեղծագործություն ժամանակակից գործիքավորմամբ: Բացի դուդուկից նաև ընդգրկված են զուռնա և նեյ ազգային նվագարանները:
Ստեղծագործություններից երկուսը պրեմիերա են՝ Գարեգին Առաքելյանի «Արևածագ» և Գրիգոր Առաքելյանի «Ավետիս և պար» ստեղծագործությունները: Կատարումներից մի քանիսը հնչեցին Հարություն Չքոլյանի և իր ընկերների կատարմամբ: «Առավոտի» հարցին, թե որն է միտումը ժողովրդական ստեղծագործությունները ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելու, երաժիշտը պատասխանեց. «Էթնո երաժշտությունը աստիճանաբար տարածվում է աշխարհում, բայց բնականաբար այն ավելի մասսայական դարձնելու որոշ մոտեցումներ պետք է լինեն, և սա ոչ այնքան երիտասարդությանը ներկայացնելու միտում ունի, որքան համաշխարհային հանրությանը հայկական բազմադարյա մշակույթը ներկայացնելու լրիվ նոր հնարավորություն է»:
Կարդացեք նաև
Երաժիշտին շնորհավորելու էին եկել ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և այլ մշակույթի գործիչներ: Արզաս Ոսկանյանն ասաց, որ այս սկավառակը Չքոլյանի լավագույն քննությունն է և այսպիսով նրան հանձնվեց Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի կարմիր դիպլոմը: Ցուցադրվեց ֆիլմ, որի ընթացքում ներկաները տեսան այն ճանապարհը, որով անցել է Հարություն Չքոլյանը` սկսելով Գավառի հեռուստաընկերությունից, «Շանթ» հեռուստաընկերության «Դուդուկի նոր ընտրյալները» նախագծից` հասնելով մինչև աշխարհահռչակ ջազ երգչուհի Ջոզ Սթոունի հետ «Գաթա» բենդի կազմում ձայնագրած դուետին:
Չքոլյանը հպարտությամբ նաև հիշեց, այն դեպքը, երբ Բոստոնի սենատում նվագեց ԱՄՆ երբեմնի նախագահ Ջոն Քենեդու եղբայր Էդվարդ Քենեդու ներկայությամբ:
Ֆիլմը դիտելուց հետո երաժիշտը իր ապագա պլանների մասին խոսեց: Նոյեմբերի 18-ին Հարություն Չքոլյանը Թեհրանում ելույթ է ունենալու Գուլնուշ Սալեհի հետ` ձայնասկավառակի թողարկման առիթով: Գալիք տարի հունվար- փետրվար ամիսներին պլանավորում է համերգներով հանդես գալ Դանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, նաև պլանավորում է համագործակցել գերմանացի հայտնի դուդուկահարներ Սոլեն Բիրկի և Գրեգոր Շյուլենբերգի հետ: Երաժիշտը արդեն մտածում է երկրորդ ձայնասկավառակի թողարկման մասին:
Նելլի Խաչատրյան