Այսօր տեղի է ունեցել Գյումրու նորընտիր ավագանու երկրորդ նիստը, որը շարունակել են բոյկոտել «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչները՝ չմասնակցելով նիստին։
Ազգային ժողովի մոդելով այսօր ստեղծվել են մշտական հանձնաժողովներ՝ ֆինանսավարկային և տնտեսական հարցերի, քաղաքաշինության ու հողօգտագործման, մշակույթի, կրթության, սպորտի, ինչպես նաև սոցիալական ու իրավական հարցերի։ Դրանցից 3-ը գլխավորելու պատիվը վերապահվել է «Բալասանյան» դաշինքին, իսկ մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն, ըստ էության, չի մասնակցում ավագանու նիստերին։ Ավագանին ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատել է Սամվել Բալասանյանի քրոջ աղջկա, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դստեր՝ Լուսինե Սանոյանի թեկնածությունը, որը Բալասանյաններին պատկանող «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի արտաքին կապերի վարչության պետն է։
Առավել ցնցող է մշակույթի, կրթության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի նշանակումը, այս պաշտոնը զբաղեցնելու է ավագանու անդամ Մխիթար Սահակյանը, որի խոսակցական հայերենն անգամ զարմացնում է ներկաներին։ Ի դեպ, դեռ երեկ համացանցում բուռն քննարկման, հումորի թեմա էր դարձել այս թեկնածուին նման կարևոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելը։ Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Բալասանյան» դաշինքի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի փոխտնօրեն, անկուսակցական Արտակ Ադամյանը։ Նա ևս Բալասանյանի մտերիմներից է դարձել, Սամվել Բալասանյանը բացառապես նրա գլխավորած կազմակերպությանն է վստահում փողոցաշինության բիզնեսը՝ կարծես մենաշնորհ տալով նրան։
Կարդացեք նաև
Օրակարգի հարցերից մեկը եղել է քաղաքապետարանում 38 հաստիք կրճատելը, ավագանին միաձայն կողմ է քվեարկել՝ այսպիսով` ազատվելով երկու հայեցողական պաշտոններից, 17 համայնքային ծառայողներից և տեխսպասարկման անձնակազմի 19 աշխատակիցներից։ Հաստատվել է նաև Սամվել Բալասանյանի աշխատավարձի չափը՝ 300 հազար դրամ, ինչպես ներկայացրել է քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, մաքուր աշխատավարձը՝ 242 հազար դրամ է։ Ֆինանսիստի այն հարցին, թե հրաժարվելու եք չէ՞ աշխատավարձից, քաղաքապետն ասել է՝ իհարկե։ Նա այդ գումարը փոխանցում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին։
Ի դեպ, Սամվել Բալասանյանը սկսել է առավել ակտիվությամբ պաշտոններ նվիրել ավագանու անդամների հարազատներին՝ բացարձակ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջիններս կապ չունեն նրանց առաջարկվող ոլորտի հետ, բառի իսկական իմաստով խայտառակ են լինում, դառնում են հումորի թեմա։ Թե ի՞նչ պաշտոններ է նվիրում Սամվել Բալասանյանը, և ովքե՞ր են 38 աշխատակիցները, որոնց ավագանու որոշմամբ անգործ թողեցին, կանդրադառնանք առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ