Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով այսօր հարցաքննվեց նաեւ Արմեն Միքայելյանը:
Նա, ինչպես իրեն նախորդող վկան, պնդեց, որ գործով տուժող Գեղամ Խաչատրյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ակտիվ քաղաքացիների հասցեին. «Այս դեպքից անմիջապես հետո՝ հունվարի մեկից հետո ինքը նույնիսկ facebook-ում գրառում էր կատարել՝ ակցիայի մասնակիցներին անվանել էր կապիկ, ինչը բուռն քննարկման առիթ դարձավ, եւ ակտիվ քաղաքացիները նույնիսկ իր տան մոտ բողոքի ցույցեր արեցին»:
Գեւորգ Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց՝ տոնածառի հանդերձանքով Հովհաննես Ղազարյանին դեպքի օրը մինչեւ գետնին գցելը հայհոյանքներ հնչե՞լ են Ազատության հրապարակում, թե ոչ:
«Չեմ ֆիքսել, բարձր խոսակցություններ են եղել»,- պատասխանեց վկան:
Կարդացեք նաև
Հայհոյանքները ո՞ր պահից սկսեցին փաստաբանի հաջորդ հարցին, վկան պատասխանեց՝ երբ ոստիկանները հարձակվեցին ակտիվիստների վրա:
Պարոն Հայրապետյանը նաեւ հետաքրքրվեց՝ մինչեւ հարվածների ավարտը քանի րոպե տեւեց միջադեպը, ի պատասխան՝ «Երեւի երեք-չորս»:
Փաստաբանի հաջորդ հարցը վերաբերում էր, թե արդյոք վկան հիշում է՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս դեպքի օրը ոստիկանները ներկայացնո՞ւմ էին, թե ինչ պատճառով են բերման ենթարկում, օրինակ Ձեզ ասե՞լ են, որ բերման են ենթարկում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Վկան պատասխանեց՝ ոչ:
Հրապարակվեց նաեւ վկա Արմեն Միքայելյանի նախաքննական ցուցմունքից մի դրվագ, որն ըստ մեղադրողի կարեւոր էր, բայց դատաքննական ցուցմունքում վկայի կողմից անդրադարձ չեղավ:
Դրվագը վերաբերում էր Հովհաննես Ղազարյանին, երբ ոստիկանները նրան թույլ չեն տվել մտնել Ազատության հրապարակ, ինչի պատճառով թեթեւ միջադեպ, հրմշտոց է առաջացել ակտիվիստների ու ոստիկանների միջեւ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի տասնվեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ