Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող` բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը երկարացնելու նպատակով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Խաչատուր Գիչյանի պաշտպանը՝ Տիգրան Սարգսյանը:
«Քննչական մարմինն իր միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ գործը բավականին ծավալուն է եւ դեռ բազմաթիվ քննչական գործողություններ պետք է կատարվեն, եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ ժամանակահատվածում մեղադրյալը գտնվի անազատության մեջ, որպեսզի չխոչընդոտի քննությանը»,-մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Պաշտպանական կողմը, սակայն, առարկում է միջնորդությունը՝ գտնելով, որ քննչական մարմնի կողմից հիմնական գործողություններն արդեն իսկ կատարվել են: «Այս գործով ամբաստանյալները կալանքի տակ են, եւ լինելով անազատության մեջ՝ Խաչատուր Գիչյանը չի կարող նրանց եւ վկաների վրա ճնշում գործադրել: Նա նաեւ չի կարող քննությունից խուսափել՝ երկրից չի կարող բացակայել: Բացի այդ, Խաչատուր Գիչյանը 70 տարեկան է, առողջական վիճակը ծանր է: Ըստ օրենսդրության՝ դատարանը պետք է հաշվի առնի նրա առողջական վիճակը: Նա նախկինում դատապարտված չի եղել, արատավորված չի եղել: Այս ամենը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա»,-նկատեց Տիգրան Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ