ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի` գուցե բացասաբար անդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա, և Հայաստանը չկարողանա նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը մտահոգություն հայտնեց նաև, որ հնարավոր է ամերիկյան ֆինանսավորման մասնաբաժինը տարբեր միջազգային կազմակերպություններում նվազի. «Թրամփն իր քարոզչական հայտարարություններում նշում էր, որ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ԱՄՆ ներքին կյանքի վրա: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն միջազգային այլ կազմակերպություններում իր դերակատարությունը ոչ թե կնվազեցնի, այլ համապատասխան ֆինանսական խնդիրներ գուցե չտրամադրի: Դա մի ազդեցություն է, որը ուշ թե շուտ նկատելի կլինի նաև Հայաստանի համար: Օրինակ` եթե ՄԱԿ-ում ծրագրեր փակվեն, Հայաստանում ևս կա ՄԱԿ-ի գրասենյակ, գուցե կրճատվեն նաև հայաստանյան գրասենյակի ծրագրերը: Այնպես որ, դա մեզ վրա էլ ազդեցություն կունենա»:
Պարոն Պողոսյանը փաստեց, որ Թրամփը որևէ յուրահատուկ դիրքորոշում չի արտահայտել Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասին:
Բայց ըստ պատգամավորի`մենք մեկնարկային ավելի շահեկան դիրքերում ենք ԱՄՆ նոր վարչակարգի վրա ազդեցություն գործելու առումով` հանձինս հայկական սփյուռքի:
Կարդացեք նաև
Հարցին` արդյոք ընդունելի՞ էր ԱՄՆ-ում հայ համայնքի դիրքորոշումը ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Այն ազդեցիկ անձերը, որոնք ԱՄՆ-ում կարողացել են ճանապարհ հարթել նախընտրական ճանապարհին, եղել են լավագույն ամերիկացի քաղաքացիները: Օրինակ` մարդիկ, որոնք սովորել են Բուշի հետ, կամ օգնել են ամուսին Քլինթոնին: Բայց որ չեն երևում, դա չի նշանակում, որ հիմա նման մարդիկ չկան, ուղղակի գուցե այն մակարդակը չի եղել, կամ սատարման առումով մտավախություն են ունեցել, քանի որ հիշում եք` Հայ դատն էլ շատ էր աշխատում Օբամայի հետ, բայց որևէ հաջողության չհասանք: Նաև պետք է գիտակցենք, որ ցանկացած լոբբինգ կամ համայնքներ գոյություն են ունենում ինչ-որ ժամանակ: Կան ձուլման վտանգներ: Մենք էլ պիտի գիտակցենք, որ չորրորդ սերնդի մեջ դժվար է պահել խնդիրը, եթե չկան անվտանգության մթնոլորտի իրավիճակներ: Այստեղ լուրջ է նաև Հայաստանի դերակատարումը, թե ինչպես ենք մենք աշխատելու մեր սփյուռքի հետ: Եթե ամեն անգամ Հայաստանում անելու ենք հակաժողովրդավարական իրավիճակ, ապա մեր սփյուռքի կառույցներն ի՞նչ կռվան պետք է ունենան ամերիկյան վարչակարգի հետ աշխատելու համար»:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` պարոն Պողոսյանը նկատեց, եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները նվազեցվեն, դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. «Այդ դեպքում միգուցե Ռուսաստանի տնտեսությունը զարգանա, մեր հայրենակիցները, որոնք Ռուսաստանում են աշխատում, գուցե սկսեն նորից տրանսֆերտներ ուղարկել, ինչը կօգնի ՀՀ քաղաքացիներին»:
Դառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` պատգամավորը նկատեց, որ ԱՄՆ բոլոր նախագահներն էլ գիտակցել են, որ եղել է ցեղասպանություն, բայց բաց տեքստով հասկացրել են, որ իրենց երկրի շահից ելնելով «ցեղասպանություն» բառը չեն օգտագործում. «Օբաման նույնիսկ ՄԱԿ-ի ձևակերպումը տվեց, բայց չասեց այդ մի բառը հանուն իր շահերի: Ռեյգանն էլ այդ բառն օգտագործել էր, քանի որ նրա ելույթ գրողներից մեկը հայ էր և համոզել է: Ուստի մեր խնդիրն է ունենալ մարդիկ, որոնք կարողանան ազդեցություն ունենալ ԱՄՆ վարչակարգի վրա»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, պարոն Պողոսյանը վստահ է, որ հակամարտության լուծման բանալին գտնվում է Հայաստանում և Ղարաբաղում. «Ինչպիսին էլ լինի համանախագահների, Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը, արցախյան հիմնախնդրի բանալին գտնվում է Ղարաբաղում և Հայաստանում: Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել»:
Եզրափակելով՝ պարոն Պողոսյանը նշեց, որ Դոնալդ Թրամփը հաղթեց Հիլարի Քլինթոնին, քանի որ հասարակությունը փոփոխություններ էր ցանկանում, ինչպես դա եղավ Բիլ Քլինթոնի` Ջորջ Բուշ ավագի նկատմամբ տարած հաղթանակի պարագայում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ