Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությունը, թե «բոլոր երկրներն էլ զենք են վաճառում, հետո՞ ինչ: Դա չի նշանակում, թե Ռուսաստանը հատուկ վաճառում է նրա համար, որ Ղարաբաղում կռիվ լինի»: Այսպես էր բնորոշել Ռիժկովը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը:
Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նախ հարցադրում արեց.«Բա զենքը ինչո՞ւ են առնում: Ռիժկովը պետք է կարողանա մեկնաբանել՝ Ալիեւն այդ զենքը գնում է թանգարանում պահելո՞ւ համար, թե Հայաստանի եւ Արցախի դիրքերին ուղղելու… Բա ինչի՞ համար եք վաճառում: Իսկ որ վաճառում եք, ո՞րն է դրա հետեւանքը, ո՞ւմ դեմ է դա կիրառվելու: Իրանի՞, Ղազախստանի՞…»,-ապա շարունակեց,-«Ռուսական կողմի նման հիմնավորումներին հավատալ հնարավոր չէ: Ռուսաստանը պետք է կողմնորոշվի: Մենք որեւէ պարտավորություն չունենք հասկանալու եւ նորմալ ընդունելու մեր անվտանգության դեմ ուղղված որեւէ գործողություն՝ լինի դա մեր թշնամու, թե բարեկամի կողմից: Եթե մեր բարեկամը մինչեւ հիմա մեր ասածներին թշնամանքով է վերաբերվում, եւ այդ հարցը բարձրացնողները որակվում են որպես «հակառուսներ», կներեք՝ ուրեմն Ռուսաստանը խնդիր ունի՝ հենց իր հետ, ոչ թե հակառուսական տրամադրություններ խրախուսողների եւ այլոց»:
Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ նաեւ Ռիժկովի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության շուրջ արտահայտած տեսակետին: Հիշեցնենք՝ Լավրովն ասել էր, թե «Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ռիժկովն էլ այսօր նշել էր. «Կարծում եմ՝ Լավրովը հիմքեր ունի այդպես ասելու… Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Կարծում եմ՝ դա ասելուց Լավրովը նկատի ուներ, որ որոշակի ցանկության դեպքում Ադրբեջանը կարող է հարցը լուծել Թուրքիայի հետ՝ միայն այդպես»:
Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ. «Լավրովն, իհարկե, գիտի, թե ինչու չի ուզում նեղացնել թուրք գործընկերներին, որոնք ասում են, թե իրենք պետք է գլխավոր դեր խաղան: Անկարան հայտարարել է, որ Ռուսաստանն իր հետ կիսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ վերջին առաջարկությունները, եւ եթե Բաքուն համաձայն լինի որեւէ լուծման, ապա Անկարան դրան կողմնակից կլինի»:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի՝ Ռիժկովը վկայակոչում է հետեւյալը. «Անկարան ոչ թե նոր դերով է հանդես գալիս կամ մեզ զիջում է պարտադրում, այլ ուղղակի ասում է՝ «եթե Բաքուն համաձայն լինի, ես էլ համաձայն կլինեմ»: Բայց, կներեք, խոսքը դրա մասին չէ, այլ մի ծրագրի մասին, որը Հայաստանի եւ Արցախի շահերին դեմ է»,-եզրափակեց քաղաքագետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ռիվկօվին հարցնեիք՝ինչու են մտահոգվում,երբ ՆԱՏՕ-ն զենքեր է տեղադրում իր սահմաններին մոտ՝ամեն ոք իրավունք ունի իր տարածքում տեղադրել զինատեսակներր…
Ռիժկովին…