Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրամփը ագրեսիվ է և ճոռոմախոս, բայց հիմար չէ. Die Welt

Նոյեմբեր 10,2016 17:25

Գերմանիայի տրանսատլանտյան Atlantikbrücke կազմակերպության նախագահ Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալով, Եվրոպան, թերևս, ստիպված կլինի նոր քաղաքական կուրս մշակել Ռուսաստանի նկատմամբ, որում դիմակայություն չի լինի: Այս մասին նա ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

«Համաշխարհային թատերաբեմում, ի դեմս Թրամփի և Պուտինի, հանդես կգան երկու մարդ, որոնք ակնհայտ համակրանք են տածում միմյանց նկատմամբ,- ասել է Մերցը:- Եվ նրանց օրոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այսօրվա լռությանը, ամենայն հավանականությամբ, կարող է վերջ տրվել»:

Արդյոք դա տեղի կունենա Եվրոպայի հաշվին՝ վերլուծաբանը կարծում է, որ դա կախված է Եվրամիության վարքից: «Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ ինքը պետք է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ մասնակցի Ռուսաստանի նկատմամբ նոր քաղաքականության մշակմանը, որը վերջ կդնի այսօրվա դիմակայությանը: Այլապես ԵՄ-ը կմնա կողմնակի դիտորդի դերում»,- վստահ է Մերցը:

Բացի այդ, նա կարծում է, որ Թրամփը Եվրոպայից շատ ավելին կպահանջի, քան ԱՄՆ մյուս նախագահները: «Մասնավորապես, նա կցանկանա իմանալ՝ էլ ինչ է պատրաստ անել Եվրոպան Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակի կայունացման հարցում, ինչպես նաև, ինչ է պատրաստվում անել Աֆրիկայում և փախստականների հարցում: Թրամփը, առաջին հերթին, Եվրոպայից սպասում է, որ այն ինքնուրույն կլուծի իր դռան առջև ծառացած խնդիրները»,- ասել է վերլուծաբանը:

Մերցը կարծում է, որ նոր ժամանակներ կգան նաև ՆԱՏՕ-ի համար. Թրամփը հստակ ակնարկել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ իր վրա վերցնել դաշինքի բյուջեի 70 տոկոսը:

Մյուս կողմից, Մերցը կասկածում է, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ը կհրաժարվի Եվրոպայի հետ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրից: «Թրամփը ագրեսիվ է և ճոռոմախոս, բայց նա հիմար չէ, և ամերիկյան տնտեսական հարաբերությունների հարցում նրա փորձը հնարավորություն կտա շեշտակի հաջողություններ գրանցել»,- ենթադրում է Մերցը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930