Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ պարարտանյութի ու դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն անարդյունավետ ու աննպատակահարմար է:
Գյուղնախարարն ասաց, որ պահանջել են պարտքերի անվանական ցուցակներ, քանի որ պարզ չէ՝ այդ պարտքը սոցիալական խնդրով է պայմանավորված, կարկտահարության, թե՞ պարզապես չարաշահումներ են եղել:
Նախարարի համոզմամբ, այս ծրագիրը շարունակելը նպատակահարմար չէ. «Ես համարում եմ, որ դա աննպատակահարմար ծրագիր է եւ օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը, ինքը պահում է գյուղատնտեսությունն այն վիճակում, որտեղ մենք կանք: Իսկ մենք պետք է մտածենք զարգացնելու մասին»:
Այն հարցին, թե եկող տարվա բյուջեով նախատեսված է ծրագիրը, պարոն Առաքելյանն ասաց, որ քանի դեռ չկա նոր մեխանիզմ, կգործի եղածը. «Ես մտածում եմ նորը ներդնել, հետո միայն հինը քանդեմ, որովհետեւ, եթե հինը քանդեմ առանց նորի, մենք ոչ մի բան չենք ունենա»:
Կարդացեք նաև
Իգնատի Առաքելյանի համոզմամբ, պետք է գյուղատնտեսության ոլորտ ներգրավել նոր միջոցներ՝ նոր ֆերմաներ կառուցելու համար, իսկ այդ միջոցները ներգրավելու համար պետությունն էլ ինչ-որ կերպ պետք է օգնի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ