Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպան. «Դատարանի պարտականությունն է Պերմյակովին ներկայացնել դատարան» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 15:52

Վերաքննիչ քրեական դատարանում Ավետիսյանների սպանության գործով դատավճռի բողոքի քննության նիստից հետո հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դատավճիռը ստանալուց հետո ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, որտեղ վիճարկել եմ Պերմյակովին առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի առաջին մասը, այսինքն՝ ապօրինի սահմանահատման փորձը: Նշված վերաքննիչ բողոքը մուտքագրել եմ Վերաքննիչ դատարան, նույն օրը գրավոր տեղյակ եմ պահել Պերմյակովին, որ վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, ինչպես նաեւ նրան տեղեկացվել է, որ իրավունք ունի մինչեւ դատական նիստի սկսվելը հետ վերցնել իր պաշտպանի ներկայացրած բողոքը:

Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ընթացքում, ինչպես տեսաք, Պերմյակովը չի ներկայացել, բայց ներկայացվել է մի դիմում՝ ձեռագիր գրված, որտեղ նշված է, որ Պերմյակովը հետ է վերցնում իր պաշտպանի ներկայացրած բողոքը: Ես միջնորդություն ներկայացրեցի, որպեսզի դատարանը պարզի՝ արդյոք այդ դիմումը գրել է Պերմյակովը, եթե Պերմյակովն է գրել, արդյոք դա գրվել է կամավոր, որեւէ ճնշումներ չեն եղել, որ վերջինս հետ վերցնի իր պաշտպանի բողոքը, եւ արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ իր պաշտպանը շարունակի իրականացնել իր շահերի պաշտպանությունը նաեւ Վերաքննիչ դատարանում»,- ասաց նա:

Նկատառմանը, թե ինքը չի կարո՞ղ հանդիպել Պերմյակովի հետ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Ես կարող եմ հանդիպել, խոսել, բայց դա պետք է դատարանը ճշտի դատական նիստերի դահլիճում: Ամեն դեպքում, ինչ-որ մենք խոսում ենք, համարվում է փաստաբանական գաղտնիք, ես կարող եմ չհրապարակել, բայց դատարանը պարտավոր է ճշտել թեկուզ իր համար, թե վերջինս արդյոք ցանկանո՞ւմ է, որ իր շահերի պաշտպանը շարունակի իրականացնել իր շահերի պաշտպանությունը նաեւ Վերաքննիչ դատարանում»:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ մինչեւ Պերմյակովը դատարանում չհայտարարի, որ դիմումը ինքն է գրել, ինքն այդ հարցը լուծված չի համարի. «Կարծում եմ՝ դատարանի պարտականությունն է ամբաստանյալին ներկայացնել դատարան, որպեսզի համապատասխան հարցադրումներով դատարանը համոզվի այդ բոլոր հարցերում»:

Հիշեցնենք, որ Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,5,8 կետերի հատկանիշներով, այն է` երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 կետերով, այն է` ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ եւ 34-329 հոդվածի առաջին մասով, այն է` պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

Պերմյակովը մեղավոր է ճանաչվել  իրեն մեղսագրվող բոլոր արարքներում, սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավազակության համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարի ազատազրկման:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930