Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանն առաջարկում է ճանաչել Ղարաբաղը եւ հիշեցնում է մադրիդյան փաստաթղթի մասին

Նոյեմբեր 10,2016 15:49

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԼՂՀ խնդրի կարգավորման նոր մոտեցում էր առաջարկել որդեգրել:

Նա բացատրեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ փորձում են բանակցությունների ժամանակ շեղել մեզ: Վարդան Օսկանյանն ասաց, որ արդեն պետք է մենք փորձենք մեկ այլ հարթություն տանել հարցը՝ ճանաչում՝ հակակշռելու իրենց փորձը՝ շեղում կատարելու դեպի տարածքների զիջում: Հայկական կողմը ԼՂՀ ինքնորոշման հարցը պետք է նոր հարթություն բերի եւ ճանաչման տանի. «Սա դիվանագիտական քայլ է, պետք է անել: Ես դրա հնարավորությունը տեսնում եմ»:

Նա հիշեցրեց, որ սկսել են «ինքնորոշում Ադրբեջանի կազմում»-ից եւ տրամաբանական հաջորդ քայլը հիմա ճանաչում սկսելն է. «Շատ կարեւոր է, թե յուրաքանչյուր փուլում ինչպիսի դիվանագիտական առավելություններ ունես»:

Ըստ Օսկանյանի, ճնշումներից խուսափելու համար պետք է դիվանագիտական առումով առավելություն ունենաս, որ երբ լուծում փորձեն պարտադրել, այդ լուծումը լինի այդ տրամաբանության շրջանակներում. «Երբ դու մի փուլում ես, երբ առավելություն ունի հակառակորդը, ենթադրենք՝ տարածքների վերադարձ, եւ միջնորդները փորձում են լուծում պարտադրել, այդ լուծումը լինելու է այդ տրամաբանության շրջանակներում»:

Թե որ փուլից պետք է անցնել ճանաչման՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իրավիճակ է փոխվել, ինքնորոշման իրավունքից հեռացել ենք, պետք է հիմա շեշտադրումը փոխել. «Դու չես կարող ասել՝ մոռացեք տարածքները, գնանք խոսենք ինքնորոշման իրավունքից: Դու մի հարթություն վերեւ պետք է տանես, որ դրա միջինը քեզ համար ավելի բարձր լինի, քան զուտ ինքնորոշման իրավունքից խոսելը»:

Նա ասաց, որ դա անելը հեշտ չի լինելու, հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենա. «Եթե ճիշտ դիվանագիտություն վարվի, հատկապես՝ կուլիսային դիվանագիտություն կոնկրետ երկրների հետ, դա հնարավոր է անել»:

Ըստ Օսկանյանի, պատերազմի վտանգն այսօր ավելի իրական է, քան երբեւիցե եղել է: Ապրիլյան պատերազմը հնարավոր է կրկնվի ցանկացած պահի, դրա համար կարեւոր են դիվանագիտական քայլերը:

Հարցին՝ ճանաչումը չի՞ սրի իրավիճակը՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ քանի որ ճանաչման դիմաց ակնկալիքներ կան, ավելի նվազ է լինելու պատերազմի վերսկսման վտանգը: Այն մեծանում է, երբ բանակցությունները խափանվում են. «Ապրիլյան պատերազմը ես համարում եմ բանակցությունների տապալման կամ դանդաղեցման հետեւանք: Իսկ պատերազմի փաստը ենթադրում էր, որ բանակցությունները կակտիվանան: Մի պահ դա տեղի ունեցավ, հիմա նորից դանդաղել է»:

Նա ասաց, որ պետք էր ճիշտ պահին ճիշտ նախաձեռնությամբ հանդես գալ. «Ճիշտ պահն է, գուցե մի քիչ էլ ուշացել ենք, որ կարողանանք նոր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալ, որ գործընթացը առաջ մղենք»:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը հետքայլ արեց ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Մի քիչ սխալ արվեց: Կիսատ-պռատ արվեց: Այդ պահին դրան անդրադարձանք, կարծեք թե մի պահ սկսեցին մտածել, որ ժամանակն է խոսել ճանաչումից, բայց վստահ չեմ, որ այն, ինչ արվեց, առաջին ճիշտ քայլն էր»:

Նա ասաց, որ մինչ այդ պետք է նախապայմաններ ստեղծվեր: Եթե գնում ես միակողմանի ճանաչման, միջազգային հանրության արձագանքը պետք է լիներ ադեկվատ, որ հակառակ ազդեցությունը չունենար, իսկ այդ պահին դա չկար: Թեեւ, մյուս կողմից էլ, Օսկանյանը համոզված չէ, որ իշխանություններն իսկապես ուզում էին ճանաչել: Դա այդ պահին տպավորություն թողեց, որ բան փորձեցինք անել՝ չստացվեց. «Դա այն փամփուշտն էր, որ մենք կարծես իզուր կրակեցինք»:

Հարցին՝ Ձեր իշխանության օրոք բանակցային սեղանին եղած տարբերակներից որի՞ հանդեպ էին առավել բարյացակամ տրամադրվել Ալիեւները՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ Մադրիդում մինչեւ վերջին պահը մադրիդյան փաստաթղթի քննարկման ժամանակ մեծ դիմադրություն Ադրբեջանի կողմից չի նկատել. «Մամեդյարովը կարդաց, ես կարդացի, այնտեղի բովանդակությունը մեզ համար անծանոթ չէր, որովհետեւ Մամեդյարովի եւ իմ աշխատանքի արդյունք էր հիմնականը: Ինձ համար կարեւորը առաջին կետն էր՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունք՝ ռեֆերենդումի միջոցով»:

Նա ասաց, որ կային կետեր, որ չէր գոհացնում, բայց այնպիսի մեծ հակազդեցություն, որին մենք դեմ ենք, չկար: Նա ասաց, որ հենց միայն այն, որ Մադրիդյան փաստաթուղթը բանակցային սեղանի շուրջ չի մերժվել, կարելի է ասել, որ Ադրբեջանը ավելի բարյացակամ էր հենց այդ փաստաթղթի նկատմամբ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930