Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղթանակ տարան
Վաշինգտոն – Չորեքշաբթի վաղ առավոտյան երկարատև, գրեթե հավասար և համառ նախագահական ընտրապայքարում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գերազանցեց ընտրողների կոլեգիայի պահանջվող քվեների քանակը, որն անհրաժեշտ էր դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ նախագահության համար ընտրապայքարում հաղթանակի համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Բացի Սպիտակ տանից, հանրապետականները պահպանեցին մեծամասնությունը նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և ԱՄՆ Սենատում, թեև ավելի փոքր տարբերությամբ:
§Շնորհավորում ենք նորընտիր նախագահ Թրամփին և նորընտիր փոխնախագահ Մայք Փենսին, ինչպես նաև ողջունում ենք ամերիկահայերին, ովքեր մասնակցել են ընտրական գործընթացին ամբողջ երկրում¦, – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
§Նորընտիր նախագահ Թրամփի հաղթական ելույթում ազգային միասնության կոչը վեհ էր և ողջունելի: Քարոզարշավի ընթացքում նորընտիր նախագահ Թրամփն ընդունեց Թուրքիայի կապերն §ԻԼԻՊ¦-ի հետ, ինչպես նաև վերջինիս աճող ամբողջատիրական վարչակարգը: Բացի Թուրքիայից, նորընտիր նախագահ Թրամփը պետք է նաև անդրադառնա Ադրբեջանում իրավիճակի կտրուկ վատթարացմանը և §ԻԼԻՊ¦-ի հետ նրա կապերին: Երկու երկրներն էլ սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար¦, – հավելել են համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:
Կարդացեք նաև
§Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակը՝ կենսականորեն կարևոր է, որ քրիստոնյաներն ու վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների համայնքները պաշտպանված լինեն, ուստի մենք նոր Վարչակազմին և նոր Կոնգրեսին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու այս խոցելի համայնքներին¦, – շարունակել են համանախագահները:
Ներկայացուցիչների պալատում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բարձր ցուցանիշներ են գրանցել. նրանց ճնշող մեծամասնությունը վերընտրվեց, այդ թվում՝ համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա) և փոխնախագահներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան): Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս), վերստին դիմակայելով դեմոկրատ Բրեդ Շնայդերի հետ, չի հաղթել: Սենատում նրա գործընկեր Մարկ Քիրքը (հանրապետական, Իլինոյս) ևս չի հաղթել: Մինչդեռ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ) հեշտությամբ հաղթանակ տարավ ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ պարտության մատնելով Կոնգրեսի թուրքական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Դոննա Էդվարդսին Մերիլենդի նախնական ընտրություններում: Բացի այդ, հանձնախմբի անդամ Ջենիս Հանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) շահել է Լոս Անջելեսի Շրջանի ղեկավարների խորհրդի հայտը:
§Շնորհավորում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին վերջիններիս հաղթանակների կապակցությամբ: Հպարտ ենք, որ Ներկայացուցիչների պալատում երկու հայկական ծագումով անդամներ ունենք, մասնավորապես Աննա Էշուն և Ջեկի Սփայերը: Ամերիկահայ Դենի Թարքանյանը, սակայն, չանցավ Նևադայում¦, – հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Բարձր ենք գնահատում նաև մեր այն ընկերների ուժեղ աջակցությունը, ովքեր չեն վերադառնալու Կոնգրես և նրանց ամենայն հաջողություն ենք մաղթում¦:
Բացի Ներկայացուցիչների պալատում գրանցած բարձր ցուցանիշների, հայամետ թեկնածուները նաև հաղթել են Սենատում: Բացի Վան Հոլլենից, Հայոց ցեղասպանության բանաձևի հովանավորներ սենատորներ Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Մարկո Ռուբիոն (հանրապետական, Ֆլորիդա) և հայկական հարցերի երկարամյա կողմնակից Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) բոլորը վերընտրվել են:
Ամերիկայի հայկական համագումար