Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը խոսեց այսպես կոչված ռեյտինգային ցուցակների մասին, որտեղ հիմնական դերակատարները լինելու են թաղային հեղինակությունները:
Նա ասաց, որ ԱԺ-ում շատ են պայքարել, որ այդ ռեյտինգային քվեարկությունը հանեն. «Բայց, իշխանությունը նպատակներ ուներ, պնդեցին՝ մնաց»:
Օսկանյանը ցավ հայտնեց նաեւ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության հետ կապված. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով: Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է: Պետք էր կանխել: Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»:
Նա ասաց, որ վերջիվերջո դատարան ես գնալու, եթե ինչ-որ բան հայտնաբերեցիր, իսկ մենք գիտենք դատարանն ինչպես է որոշում կայացնում: Ըստ նրա, ռեյտինգային ցուցակները վերացնելը ավելի ճիշտ կլիներ, քան ցուցակները հրապարակելը: Մարդիկ պետք է գտնես, որ գա ասի՝ հարեւանս տանը չէ. «Առավել եւս՝ ոչ հիմնավոր ցուցումները քրեականացվել են: Մարդիկ պատասխանատվություն վերցնելո՞ւ են, նույնիսկ եթե վստահ լինեն, որ հարեւանը Մոսկվայում է: Կարող է վախենա, քրեական գործ հարուցեն»:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանն ասաց, որ ցուցակները հրապարակելու համար ինքն էլ է պայքարել, բայց մեր հիմնական խնդիրը ռեյտինգայինն էր, որովհետեւ դա վերածվելու է թաղային հեղինակությունների պայքարի, դժվար է լինելու գումարների բաժանման դեմն առնել, իսկ դրա հնարավորությունն ունի միայն իշխանությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ