Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց Կարեն Հովհաննիսյանը, դատարանում հակասական ցուցմունքներ տվեց

Նոյեմբեր 10,2016 15:07

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով վկա Կարեն Հովհաննիսյանը: Նա, մի տեւական ժամանակ, չէր ներկայանում դատարան, դատարանը նույնիսկ բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Այսօր Գեւորգ Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը վկայից հետաքրքրվեց՝ քննիչին պատմե՞լ է տոնածառով քաղաքացու վազելու մասին:

Դատախազն առարկեց՝ ասելով, որ այդ հարցն արդեն որերորդ անգամ կրկնվում է, ամեն դեպքում, դատարանը չհանեց հարցը:

Վկա Հովհաննիսյանը պատասխանեց փաստաբանի հարցին. «Ոչ հիշում եմ, որ ասել եմ, ոչ էլ հիշում եմ, որ չեմ ասել: Բայց այնտեղ խոսակցություն գնաց, որ վազող մարդիկ վազել են, ընկել են, իրար բրդել, գցել են, այդպես է գնացել խոսակցությունը, ես չեմ հիշում հավատացեք»:

Դատախազն էլ միջնորդեց դատարանին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքներում հակասություններ կան ու հակասությունների մի քանի օրինակ բերեց, մասնավորապես, աստիճանների վրա վազելուց հետո ինչ են տեսել, տոնածառի հանդերձանքով քաղաքացուն տեսել են, թե ոչ, նրա մուտքն Ազատության հրապարակ տեսել են, թե ոչ հարցերի պատասխանների վերաբերյալ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն առարկեց՝ ասելով, որ մեղադրողի մեկնաբանությունը, որ վկան հակասական ցուցմունքներ տվեց, այդպես չէ, տարօրինակ է, որ մեղադրողը շատ հանգամանքներ հարցերով չպարզեց ու հիմա ցանկանում է հրապարակել նախաքննական ցուցմունքը. «Միգուցե թույլ տան մեղադրողը բոլոր հարցերն ուղղի այդ հանգամանքի վերաբերյալ»:

Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին, հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:

Դատախազը վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո վկային իր հարցերն ուղղեց՝ նախաքննական ցուցմունքում ինչ տեսել եք, ա՞յն եք ասել, նախաքննական մարմնի կողմից ճնշումներ չե՞ն եղել, ձեր պատասխա՞նն է գրվել ձեր ցուցմունքում, վկան դրական պատասխան տվեց, հետո իրեն ուղղեց. «Հստակ չեմ հիշում, իմ պատասխաններն են էլի երեւի, հա իմ պատասխաններն են: Հիմա, որ կարդացիք, վերհիշեցի»:

Պարոն Հայրապետյանն էլ վկային հարցրեց՝ ուշադիր լսեցի՞ք, հիշեցի՞ք ձեր ցուցմունքը:

«Այո որոշ բաներ էդպես են»,- պատասխանեց վկան:

Փաստաբանը նաեւ հարցրեց՝ դեպքի օրն ինչ եք տեսել, պատմեք, մտածեք, որ նոր ցուցմունք եք տալիս. «Իրար հետեւից վազում էին, խփեցին, գցեցին, երբ ինքը վեր կացավ, կանգնեց, տեսա սպիտակ շորերը, այնտեղ ուրիշներն էլ էին կռիվ անում, իրար բրդբրդելով, քաղաքացիները ոստիկանների հետեւից էին վազում, չէ, չէ, հակառակը՝ ոստիկաններն էին քաղաքացիների հետեւից վազում…տոնածառի հանդերձանքի նման մի բան հիշում եմ, վազում էր անհասկանալի»:

Դատական նիստը ընդմիջվեց, բայց մինչ այդ դատարանը հիշեցրեց, որ պաշտպանական կողմը միջնորդել էր 13 վկայի հարցաքննել: Բայց օբյեկտիվ պատճառներով, նրանցից մի քանիսին հնարավոր չէ հարցաքննել, որովհետեւ նրանց մեղադրանք է առաջադրվել, նրանց մի մասը գտնվում են անազատության մեջ: Գարեգին Չուգասզյանն էլ հետախուզման մեջ է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930