Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 10-ին դատավոր Արղամանյանի նախագահությամբ սկսվեց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով դատավճռի դեմ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,5,8 կետերի հատկանիշներով, այն է` երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 կետերով, այն է`ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ եւ 34-329 հոդվածի առաջին մասով, այն է` պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:
Պերմյակովը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող բոլոր արարքներում, սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավազակության համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարի ազատազրկման:
Վալերի Պերմյակովը չէր ներկայացել դատարան եւ դիմում էր ներկայացրել, ըստ որի խնդրում է վերաքննիչ բողոքները քննել իր բացակայությամբ: Պերմյակովը նշել էր նաեւ, որ ստացել է վերաքննիչ բողոքների վերաբերյալ ծանուցումը եւ առարկություններ չունի:
Կարդացեք նաև
Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ իրավասու չէ որեւէ կարծիք հայտնել, քանի որ չգիտի, թե ամբաստանյալ Պերմյակովը ցանկանում է, որ ինքը շարունակի ներկայացնել իր շահերը Վերաքննիչ դատարանում, թե ոչ: Նա հավելեց, որ հակասություններ կան, քանի որ իր ներկայացրած վերաքննիչ բողոքը Պերմյակովը հետ է վերցրել: Ըստ նրա, դատարանը պետք է պարզի Պերմյակովից, թե համաձայն է, որ ինքը շարունակի պահպանել իր շահերը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ