Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը իրենց համարում է ՀՀԿ-ի ամենամեծ մարտահրավերը. «Մեզ իր ձեռքը չի հասնի՝ առնելու առումով»

Նոյեմբեր 10,2016 14:28

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը հայտարարեց՝ ինչ է, կարծում եք այսօր ՀՀ-ում միջոցներ չկա՞ն. «Այսօր Հայաստանում առկա գումարները, որոնք շրջանառությունից դուրս են, բանկերում նստած, եթե վստահություն լինի եւ դրվեն տնտեսության մեջ, մենք շատ արագ կտեսնենք ՀՆԱ-ի մեջ մեծ աճ: Բայց այդ բոլորը արհամարհվում է, որովհետեւ շատ նեղ նպատակներ են հետապնդում, աթոռի պահպանում են հետապնդում: Ինչ-որ մարդիկ իրենց նեղ շահերի հետեւից են ընկել: Ահավասիկ, սա պետք է փոխել»:

Նա ասաց, որ անձամբ եղել է կառավարությունում, եղել է ընդդիմությունում եւ շատ լավ է պատկերացնում, թե ինչպես փոխել երկրում մթնոլորտը, կլինի նորմալ ընդդիմություն, նորմալ իշխանություն, քաղաքական ճանապարհը այսօր բաց է:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ «Մենք իշխանության համար ամենամեծ մարտահրավերն ենք, որովհետեւ իշխանությունը գիտի, որ մեզ իր ձեռքը չի հասնի՝ մեզ ներգրավելու, հաճոյանալու եւ առնելու առումով»:

Օսկանյանն ասաց, որ ԼՂՀ-ի հարցում, եթե փոխադարձ զիջումներ պետք է արվեն, այդ զիջումներ անող իշխանությունը պետք է ժողովրդի 100 տոկոս վստահությունն ունենա, օրինական լինի, որպեսզի կարողանա գնա անհրաժեշտ այն քայլերին, որ կարողանանք ապահովել ԼՂՀ-ի անկախությունը՝ որոշ զիջումների դիմաց, որոնք մեր մեծ շահերին չեն վնասի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը ցանկանում է միանալ ձեր կուսակցությանը: Նա պատասխանեց. «Տեղյակ չեմ: Խնդրեմ, ցանկացած մարդ, որ դիմում կտա կուսակցություն գալու՝ պատրաստ ենք, բայց այդպիսի դիմում չունենք»:

Հարցին՝ Ձեր պաշտոնավարման շրջանում հայտարարել էիք, որ 100 տարի էլ փակ սահմանների պայմաններում կզարգանանք, հիմա՞ էլ եք նույն տեսակետին մնացել: Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Դա վստահության դրսեւորում էր այդ օրերին, որ ես արտահայտել էի: Իսկապես մեր տնտեսությունը զարգանում էր: Դե հիմա գիտեք, սահմանների բացումը միայն մեզանից կախված չէ, մեր հակառակորդից է կախված: Կարող է մենք ունենանք ցանկություն բացելու, դիմացինը չբացի, ինչ է, թողնենք գնա՞նք»:

Նա ասաց, որ մեր ժողովուրդը շատ ավելի ծանր ժամանակներ է անցել, բայց ոչ միայն գոյատեւել է, այլեւ զարգացել է. «Մեր ժողովուրդը գոյատեւելու յուրահատուկ կամք ունի: Մեր հակառակորդները պետք է իմանան, որ մեր կամքը չեն կարող իրենք ընկճել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930