Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում». Ստեփան Գրիգորյան

Նոյեմբեր 10,2016 14:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրվածությունը կշարունակվի, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինի ձեռք բերել ԱՄՆ-ՌԴ համաձայնություն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փորձագետները շեշտեցին, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ռիսկը պահպանվում է:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը փաստեց, որ Թրամփի ընտրությունն աննախադեպ էր Ամերիկայի համար՝ սկսած Մադոննայի հայտարարություններից մինչև CNN-ի կեցվածքը: Դառնալով Թրամփի՝ Ալիևի ընտանիքի հետ ունեցած լուրջ կապերի մասին տարածված տեղեկությանը , պարոն Մինասյանն ասաց. «Թրամփն ունի անձնական կապեր Ադրբեջանի հետ, բայց ես չեմ կարծում, որ դրանք վճռական կարող են դառնալ և հակասել ԱՄՆ շահերին»:

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն այն քիչ փորձագետներից էր, որը կանխատեսում էր Թրամփի հաղթանակը: Թրամփի՝ Ալիևի հետ ունեցած կապերի մասին տեղեկությունների տարածումը նա համարում է քարոզչական հնարք: Իսկ թե ինչու ԱՄՆ հասարակությունը որոշեց նման ընտրություն կատարել, պարոն Գրիգորյանն ասաց. «Մարդիկ ուզում են փոփոխություններ, նոր մտքեր ու հայտարարություններ, նրանք հոգնել են դասական վերնախավից, խորը մտքերից»: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ հաշվի առնելով Թրամփի՝ անսպասելի լինելու հանգամանքը, նա կարող է դրական անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքն անձամբ սպասում և ուզում էր, որ հաղթի Հիլարի Քլինթոնը. «Թրամփը չկտրված ձմերուկ է: Բայց նա հաղթանակի միակ շահառուն չէ, այլ ողջ կուսակցությունը, որը աշխատել է նրա հաղթանակի օգտին»: Ըստ պարոն Սաֆարյանի՝ թեև Ռուսաստանում միգուցե ոմանք այս պահին հույսեր են փայփայում, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կհարգեն միմյանց շահերը, բայց դատելով հայտարարություններից՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում ռիսկը պահպանվում է:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930