Այսօր հրավիրած ասուլիսում «Համախմբում» կուսակցության առաջնորդը՝ Վարդան Օսկանյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, այսօրվանից սկսեն ներկայացնել իրենց տեսակետները, գաղափարական ընդհանրություններ գտնել եւ փորձեն միասնական քաղաքական բեւեռ ձեւավորել. «Մենք անելու ենք ամեն ինչ, մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ՀՀ-ում ձեւավորվի համախոհ կուսակցությունների բեւեռ: Այսօր դա է հասարակության հրամայականը»:
Նա ասաց, որ եթե այնպես պատահի, որ «Համախմբում» կուսակցությունը առանձին գնա ընտրություններին, ապա ցուցակը գլխավորելու է ինքը: Իսկ դաշինքով գնալու դեպքում, պրն Օսկանյանը հայտարարեց, որ անձամբ ինքը եւ իր կուսակցության անդամները պատրաստ են անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ շարժվել՝ ըստ իրավիճակի եւ ըստ նպատակահարմարության:
Նա ասաց, որ բաց, ազնիվ երկխոսության մեջ պետք է մտնեն հասարակության հետ, ստեղծեն ոչ թշնամական հարաբերություններ, մթնոլորտն են փոխելու:
Հարցին՝ ո՞ր ուժերի հետ եք պատրաստ դաշինքով գնալ ընտրությունների, հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ դաշինք կազմեք՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ այս պահին որեւէ կուսակցության անուն չի տա. «Միայն կասենք, որ ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել եւ ընդհանուր եզրեր գտնել: Այստեղ սկզբունքը մեկն է՝ բոլորս հասկանում ենք, որ այդ բեւեռի անհրաժեշտությունը ժողովրդի պահանջն է, հրամայականն է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ որեւէ քաղաքական ուժի հետ, բացի իշխանականից, չեն բացառում համագործակցություն եւ դաշինք:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ի՞նչ կփոխի քաղաքական դաշտում, կա՞ նրա անհրաժեշտությունը քաղաքական դաշտում՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց՝ ասելով, որ կփորձի խուսափել այդ հարցից այնքան ժամանակ, քանի դեռ Ծառուկյանն այդ մասին անձամբ չի հայտարարել:
Նա հիշեցրեց, որ երկար ճանապարհ են անցել Ծառուկյանի հետ. «Ես համոզված եմ, նաեւ իմ գործընկերները՝ չենք փոշմանել: Մենք պարոն Ծառուկյանի հետ մի խնդիր էինք դրել՝ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով օրենքի եւ Սահմանադրության հնարավորությունները՝ երկրում իրավիճակ փոխել: Դա է եղել մեր նպատակը»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ այս առնչությամբ բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում, իրենք ձգտում էին միայն խաղաղ եւ օրինական ճանապարհով երկրում հասնել փոփոխությունների:
Լրագրողները ճշտեցին՝ Գագիկ Ծառուկյանը կկարողանա՞ այդ քաղաքական բեւեռը ձեւավորելու հարցում լուրջ դերակատարում ունենալ՝ նա պատասխանեց.«Իհարկե, կարող է ունենալ»: Նա ասաց որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը հեշտ չի լինելու, բայց ունի քաղաքական փորձ եւ եթե մի բան է որոշում, ունի իր ուղին, գծել է, նախանշել է:
Հարցին՝ փորձը ցույց է տվել, որ դաշինքները ՀՀ-ում չեն աշխատում՝ նախընտրական եւ հետընտրական դաշինքներին ինչպե՞ս եք վերաբերվում՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Իհարկե, լավ կլինի, որ մենք ընտրությունների գնանք դաշինքով, բայց եթե չի ստացվում՝ չի ստացվում: Չես կարող ինչ-որ բան պարտադրել քաղաքական ուժերին»:
Նա ասաց, որ ՏԻՄ ընտրություններից հետո դաշինքի նախանշաններ է տեսնում. «Բոլորը հասկանում են, որ այլ ճանապարհ չկա: Ովքեր կխուսափեն դաշինքներից՝ ինքնին իրենց երեսը արդեն ցույց կտան, որ միգուցե այլ նպատակների են ծառայում»:
Հետընտրական դաշինքների մասին խոսելով՝ նա ասաց, որ Գյումրիում, Վանաձորում դա վարկաբեկվեց:
Վարդան Օսկանյանն ասաց, որ դաշինքով ընտրությունների գնալու դեպքում ընտրակեղծիքները կկարողանան բացառել, հասնել արդյունքի: Օսկանյանը ԱՄՆ ընտրությունների արդյունքները հիշեցրեց՝ ասելով, որ Թրամփը հաղթեց, որովհետեւ ԱՄՆ-ի ժողովուրդը հոգնել էր արդեն բյուրոկրատիայից, լճացած վիճակից, անգործությունից եւ փոփոխություն էր ուզում: Նրանք չնայեցին, թե այդ փոփոխությունն ով է անելու: Հիմա ՀՀ-ում էլ փոփոխություն է պետք հաց ու ջրի նման. «Մենք մեր 25 տարվա ընթացքում ընտրություններով իշխանափոխություն չենք ունեցել: Եղել է կամ հրաժարականով կամ փոխանցումով: Իշխանափոխություն, բառի իսկական իմաստով, չենք ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ