Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարդիֆում տեղի ունեցավ «Կոմիտաս» երգչախմբի համերգը

Նոյեմբեր 10,2016 13:57

Ս.թ. նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ 1964թ. ստեղծված Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ եւ երկար սպասված համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը:

Նախքան համերգի սկիզբը «Կոմիտաս» երգչախումբը եւ Լոնդոնից ժամանած ավելի քան 50 հյուրերն այցելեցին Քարդիֆում Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշակոթողը` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Համերգի գաղափարը ճանաչողական, ուսուցողական, մշակույթների եւ լեզուների փոխանակման նպատակ ուներ. խորհրդանշում էր երկու ազգերի՝ հայերի եւ ուելսացիների, բարեկամությունը: Ձեռնարկը նաեւ կնպաստեր երգչախմբային երաժշտության, ինչպես նաեւ երկու ժողովուրդների մշակութային ժառանգության տարածմանը: Համերգն աննախադեպ էր, քանզի «Կոմիտասը» առաջին հայկական երգչախումբը դարձավ, որ ելույթով հանդես եկավ Քարդիֆում:

komitas

Երաժշտական երեկոյին ներկա էին հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երաժիշտներ, ներկայացուցիչներ Լոնդոնի հայկական մշակութային միություններից, Քարդիֆի ջերմ եւ սիրալիր ուելսացի հանդիսատեսը, ինչպես նաեւ հայեր Բաթից, Թեթբըրիից, Փլիմըթից, Սոզբըրիից և Սուինդընից:

Համերգային ծրագիրը մանրակրկիտ մշակվել էր խմբավարներ Սիփան Օլահի եւ Դեյվիդ Յանգի կողմից. նպատակն էր երգերի եւ նրանց թարգմանությունների միջոցով, որոնք զետեղված էին միջոցառման գրքույկում, հանդիսատեսին ներկայացնել երկու ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ավանդույթներն ու հավատալիքները:

Համերգի առաջին մասում «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ եւ խմբավար Սիփան Օլահի ղեկավարությամբ հնչեցին բացառապես հայկական երգեր՝ Ա. Դոլուխանյանի «Երեւանի գիշերները կապուտակ», Ա. Աճեմյանի «Ծաղկած բալենի», մենակատար՝ Հ. Եղիկյան, Կոմիտասի «Իմ չինարի յարը”, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից» եւ «Համբարձում», Ս. Շաքարյանի «Հայակական ժողովրդական երգեր» պոպուրին: Առաջին մասի վերջին երկու երգերը՝ Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» եւ Է. Հովհաննիսյանի «Սարդարապատ», միացյալ կատարեցին «Կոմիտաս» եւ Պոլիֆոնիկ երգչախմբերը, մեծ անակնկալ մատուցելով ուելսացի եւ հայ հանդիսատեսին: Հատկանշական էր ուելսացիների կողմից հայերեն խոսքերի հստակ արտաբերումը եւ միացյալ երգչախմբերի 85 երգիչների համահունչ կատարումը:

Համերգի երկրորդ մասում Պոլիֆենիկ երգչախմբի կատարմամբ եւ դիրիժոր Դեյվիդ Յանգի ղեկավարությամբ հնչեցին անգլերեն եւ ուելսերեն բարձրաճաշակ երգեր՝ Ջ. Վեբերի «Լիսա Լան», Գ. Հոյստի «Ես սիրում եմ իմ սիրեցյալին», Վ. Մաթիասի «Չորս ուելսական ժողովրդական երգեր», Ռ. Վաուգանի «Հոգիները արդարների» /այս հոգեկերտ երգի հեղինակը ներկա էր համերգին/: Պոլիֆոնիկ երգչախմբին միացավ «Կոմիտասը»՝ ուելսերեն լեզվով կատարելու վերջին երկու երգերը՝ Փ. Այրեսի «Սուո Գան» օրորոցայինը եւ Է. Ջոնսի «Խաղաղություն ստեղծողները»: «Կոմիտաս» երգչախմբի երգացանկի առաջին ուելսերեն երգերը բարձր մակարդակով ներկայացվեցին այս համատեղ ելույթի ընթացքում եւ երկրորդ անգամ անակնկալ մատուցեցին հանդիսատեսին:

Եվ սա դեռ ամենը չէր: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը արժանապատիվ Հայր Թորգոմ Տոնոյանի հետ կատարեցին հատուկ արարողություն, որի ընթացքում Հայր Սուրբի կատարմամբ հնչեց «Ի կոյս գերեզմանէն» միջնադարյան շարականը: Գիրք նվիրաբերվեց Ուելսի Խաղաղության տաճարի տնօրեն Ստեֆան Թոմասին Ուելսում՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ավանդ ունենալու համար: Այնուհետեւ, օրհնվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված սրբապատկեր, որն էլ նվիրաբերվեց հոգեւորական Պատրիկ Թոմասին՝ ի գնահատանք արժանապատիվ հոգեւորականի՝ հայ ազգի, Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերյալ գրված մեծաքանակ աշխատությունների:

Համերգից եւ բարեգործական ընթրիքից հանգանակված հասույթը կազմակերպիչ Ջ. Թորոսյանի գլխավորությամբ ուղղվելու է Սիրիայի բարեգործական ֆոնդին՝ եւս մեկ հայ ընտանիք Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930