Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները առաջարկում են ռազմական օմբուդսմենի գրասենյակ ստեղծել

Նոյեմբեր 10,2016 13:04

«Նախորդ տարիներին եղել են փորձեր, երբ պետական մարմինը խոչընդոտել է պաշտպանի գործունեությանը`բավական խիստ գնահատականներ տալով»,- խորհրդարանում «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը`հարց ուղղելով ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին`քրեական պատասխանատվություն ենթադրվո՞ւմ է նման դեպքերում:

Փոխնախարարն ասաց, որ գնահատական տալը խոչընդոտել չէ, իսկ կոնկրետ անձի կոնկրետ գործողությունների դեպքում`այո, նախատեսվում է: Մինչ այժմ նման նախադեպեր չենք ունեցել:

Լսումներին անգամ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորների մի մասը չէր մասնակցում: Հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը նկատեց. «Լավ կլիներ, որ պատգամավորները մի քիչ ավելի շատ լինեին… ում հետաքրքրել է նա եկել է, ոչինչ»:

Պատգամավորը չհամաձայնեց նախագծում`բողոքի չքննարկելու հատվածում ամրագրված այն դրույթի հետ, որ «պաշտպանը չի քննարկում այն դիմումները, որոնք պահանջ չեն բովանդակում… »: Մարգարիտ Եսայանը կարծում է, որ եթե մարդը դիմել է պաշտպանին, ինքնին նշանակում է, որ խնդիր ունի, հնարավոր է, որ նա չի կարողացել բավականաչափ գրագետ շարադրել իր ասելիքը, բայց ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները պարտավոր են լսել քաղաքացուն եւ հասկանալ, թե որտեղ են խախտվել մարդու իրավունքները, ինչպես հաճախ անում են պատգամավորները:

tatoyan-2Արման Թաթոյանը պարզաբանեց, որ նման դեպքերում ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ է քննություն սկսում: Նա նկատեց, որ հաճախ բողոքներ են լինում այն մասին, թե իրենք չէին ցանկանա, որ ՄԻՊ-ն այդ ոլորտ մտներ: Ամեն դեպքում, Արման Թաթոյանը հավաստիացրեց, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հանդիպում, զրուցում են քաղաքացիների հետ`փորձելով հասկանալ իրողությունները:

ishxanyan_1Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր զեկույցում ասաց, որ ողջունում է նախագծով ՄԻՊ-ի լիազորությունների ավելացումը: Նա կարծում է, որ ճիշտ կլիներ նաեւ ավելացումների շարքում ռազմական օմբուդսմենի հաստիք ունենայինք:

Իրավապաշտպանը ներկայացրեց իր եւ մի խումբ ՀԿ-ների կողմից արված առաջարկները: Դրանք վերաբերվում են ՄԻՊ-ի եւ նրա աշխատակազմի իրական անկախությանը: «Երաշխիքներ տրված են, բայց Հայաստանում երաշխիքներով չէ որ աշխատում են: Օրենսդրորեն ՄԻՊ-ի ինստիտուտը անկախ է, բայց կանչում են, զգուշացնում են, սպառնում են: Ես չգիտեմ՝ օրենսդրորեն ինչպե՞ս կարելի է այդ հարցն ամրագրել, բայց հարցը բարձրացնում եմ»:

Իրավապաշտպանը դեմ է նաեւ ՄԻՊ-ի`Ավետարանի վրա երդվելու պարտադիր նորմին: Նա կարծում է, որ ճիշտ կլինի, եթե երդվելը հայեցողական լինի:

Առաջարկում է նաեւ աշխատել «ՄԻՊ + ՀԿ-ների խորհուրդ» աշխատելու ձեւաչափն ամրագրել օրենքում: Ավետիք Իշխանյանը հիշեց, որ ժամանակին Արմեն Հարությունյանն ասել էր, որ համաձայն է ՀԿ-ների հետ աշխատել, բայց դեմ է դա օրենքով ամրագրելուն: Արմեն Հարությունյանի հետ սկսել են աշխատել, բայց ինչ-որ մի պահից դա ընդհատվել է, նրա հրաժարականով պայմանավորված: Նոր ՄԻՊ-ն արդեն «իր օրենքներով» է աշխատել եւ ՀԿ-ների հետ աշխատանքը բավականաչափ արդյունավետ չի եղել, ըստ իրավապաշտպանի:

Իրավապաշտպանն առաջարկներ արեց նաեւ ընտանեկան բռնությունների, ՔԿՀ-ների, երեխաների իրավունքների, դատական գործընթացներին ՄԻՊ-ի մասնակցության եւ այլնի մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930