5 ամսից ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: Այսօր հրավիրած ասուլիսում «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով ընտրություններին՝ ասաց, որ դա բացառիկ հնարավորություն է՝ օրինական ճանապարհով երկրում հասնելու քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի փոփոխության, որի բաղադրիչներից է նաեւ նոր որակի իշխանության ձեւավորումը. «Երկրում այսօր իրական եւ խորքային փոփոխությունների հրամայականը միանշանակ է: Սրա մասին խոսում են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ սփյուռքում, խոսում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ հասարակության լայն շրջանակները»:
Նա վկայակոչեց «Արդարություն Հայաստան» նախաձեռնությունը, «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը: Նա ասաց, որ «Համախմբում» կուսակցությունը սատարում, աջակցում եւ միանում է այդ կոչերին եւ գտնում է, որ այդ կոչերը հնարավորություն կտան ողջ հայության մոտ հասնել համախմբման՝ երկրում իրավիճակ փոխելու. «Սրանք նախաձեռնություն, կոչեր են ոչ առճակատման, այլ՝ համերաշխության եւ միասնական աշխատանքի»:
Վարդան Օսկանյանն անդրադառնալով երկրի առաջ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին՝ ասաց, որ պետք է համարձակորեն խոսել դրանց մասին եւ փորձել լուծումներ գտնել. «Դրանք ողջ հայության խնդիրներն ու մարտահրավերներն եւ դրանց լուծումները հնարավոր է ոչ միայն հայաստանյան ջանքերով, այլ՝ ողջ հայության»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ առանց ՀՀ ներքին կյանքում որակական փոփոխությունների, պարզապես մարդկանց տեղաշարժելով, փոխելով՝ հնարավոր չէ փոխել երկրում իրավիճակը:
Կարդացեք նաև
Խոսելով խորհրդարանական համակարգի անցնելու նոր իրավիճակի մասին՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂՀ-ի, տնտեսական զարգացման հարցերում, Հարավային Կովկասում խաղաղության եւ տնտեսական ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ իր որոշումից է կախված ՀՀ-ում խաղաղության եւ պատերազմի հնարավորությունը, տնտեսական զարգացման հեռանկարը, տնտեսական աճը, ժողովրդի բեռի, դժվարությունների թեթեւացման հնարավորությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները թաքնվեն ընդհանուր ձեւակերպումների եւ անհատական անպատասխանատվության շղարշի տակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ