Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին վարչապետը հանձնարարեց համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ մոնիթորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայություններին միացման գործընթացը: Հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, դրանց միացման խոչընդոտների վերացման եւ գործընթացի պարզեցման վերաբերյալ:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարեց 10-օրյա ժամկետում տալ առաջարկություններ՝ Հանրային ծառայությունների մասով՝ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
«Ինչի՞ մասին է խոսքը: Մենք պետք է մեր երկրում ունենանք հնարավորություն՝ օնլայն ռեժիմով կամայական քաղաքացի, կամայական բիզնես, եթե ինքը ինչ-որ կետում ցանկանում է բիզնես ունենալ, ապա այդ կետում պետք է իմանա ենթակառուցվածքների հնարավորություն կա, թե ոչ: Լինի դա գազ, լույս, ջուր, կիլովատ, եւ մնացած ինֆորմացիաները: Կադաստրին առաջարկում ենք այդ բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել, նաեւ մատակարար ենթակառուցվածքների բիզնեսի ներկայացուցիչների հետ, գուցեեւ իրենք մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը լինի հասանելի»,- ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
Երկրորդ հանձնարարականը տրվեց Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների եւ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասի՝ բաց եւ հրապարակային մրցույթով, այդ թվում՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքերով. «Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա, մենք եւ ուզում ենք ֆոնդային բորսան աշխուժացնել եւ նաեւ կառավարման մակարդակն այդ ընկերություններում բարձրացնել»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը պետք է ներկայացնի նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու են արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը, վերացվելու են ԱՆ կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների եւ կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները:
«Մնացած ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահին Հանձնարարվեց, համագործակցելով համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում եւ դրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ. «Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետեւ շատ բողոք կա բազմաբնակարան շենքերի տակ եւ բարոյական կերպարի, եւ անհանգստության մասին»,-պարզաբանեց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ