Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական պաշտպանության բարելավմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը ամփոփեց իր ձեռքբերումները

Նոյեմբեր 10,2016 11:56

ԵՐԵՎԱՆ, ՀՀ. Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության համակարգը դարձել է ավելի մատչելի՝ շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, որը նոյեմբերի 9-ին նշեց իր գործունեության ավարտը։ Քառամյա ծրագիրը սերտ համագործակցում էր Հայաստանի կառավարության և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների հետ՝ երկրի սոցիալական պաշտպանության համակարգը ավելի արդյունավետ, թափանցիկ և ֆինանսապես կայուն դարձնելու նպատակով։

Ծրագրի ձեռքբերումները սատարում են Հայաստանի ռազմավարական գերակայությունը, այն է՝ նվազեցնել աղքատությունը, հզորացնել սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները և բարձրացնել Հայաստանի քաղաքացիների` սոցիալական պաշտպանության իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածությունը։

Ծրագրի ավարտական միջոցառման ընթացքում ծրագրի հաջողությունների մասին խոսեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ծրագրի կապալառու կազմակերպության՝ Քեմոնիքս Ինթերնեշնլի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ջոն Թիսսենը։

Իս ողջույնի խոսքում տիկին Գրիզերը նշեց, որ Հայաստանի կառավարության հետ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ծրագրի շրջանակներում միտված էր ոլորտում շոշափելի արդյունքների և բարելավումների ձեռքբերմանը: Այս համագործակցության ներքո Հայաստանի կառավարությունը կարողացել է 2014 և 2015 թվականներին` երկու տարի անընդմեջ 15 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները` պետական բյուջեից առանց որևէ լրացուցիչ ծախսերի։

«Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու նախարարության անհատական տվյալների թղթային տարբերակների թվայնացումը զգալիորեն բարելավել են տվյալների կառավարումը և Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի թափանցիկությունը՝ արդյունքում խնայելով միլիոնավոր դրամներ պետական բյուջեի համար»,- ասել է Դեբորա Գրիզերը, նշելով որ այս ժամանակակից համակարգը նպաստել է նաև կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների նվազեցմանը:

Անցած 3,5 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն բարեփոխումների շրջանակներում աջակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ինտեգրելու մի շարք տեղեկատվական շտեմարաններ մեկ միասնական առցանց պլատֆորմի՝ ePension համակարգի ներքո, ինչի արդյունքում սոցիալական պաշտպանության տվյալները դարձել են առավել ճշգրիտ և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։ ePension (Էլեկտրոնային կենսաթոշակ) համակարգի միջոցով ՀՀ կառավարությունը կարողացել է բացառել կրկնակի հաշվառումն ու միևնույն շահառուին տարբեր տարածքային ստորաբաժանումների կողմից կենսաթոշակի նշանակման դեպքերը։ Ավելին, «Էլ-կենսաթոշակ» համակարգն այլևս գործում է Հայաստանի բոլոր համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում։ Արդյունքում, նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիների համար նպաստների վճարումն ու ծառայությունները հասանելի են դարձել թվով ավելի շատ կենտրոններում` առանց տարբեր պետական կառույցներ այցելելու և բազում փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության։

Ծրագրի աջակցությամբ նախարարությունը նաև մշակել է երեխայի խնամքի նպաստի կենտրոնացված վճարային համակարգ, ինչի արդյունքում ընտանիքներն այլևս չեն հայտնվի կոռուպցիոն ռիսկերի ներքո՝ երեխայի նպաստը ստանալու համար։ Հայաստանի կառավարությունը կարողացել է նաև թվայնացնել և արխիվացնել կենսաթոշակի թղթային գործերը, որով ապահովվել է էլեկտրոնային ֆայլերի պաշտպանությունը՝ տվյալների անօրինական փոփոխություններից կամ փոխանակումից։

Որպես սոցիալական բարեփոխումների նորարարական մոտեցում, ԱՄՆ ՄԶԳ ծրագիրն աջակցել է նախարարությանը սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` երաշխավորելու, որ սոցիալական պաշպանության համակարգի շահառուները առավել արդյունավետ ծառայություններ ստանան: Դրա ապացույցն է մոտ 500 հազար կենսաթոշակառուների շրջանում իրականացված հետազոտությունը, համաձայն որի շահառուների 99 տոկոսը իրենց կենսաթոշակները ստանում են ժամանակին և Սոցիալական ապահովության պետական ծառայությունից օգտվում են առավել որակյալ ծառայություններից։

Ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից է նաև 114 թեժ գիծը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնել է ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Ի սկզբանե ստեղծված լինելով միայն կենսաթոշակներին առնչվող հարցերի պարզաբանման համար, թեժ գիծն այսօր ընդլայնվել է և արդեն պատասխանում է սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչվող բոլոր հարցերին, այդ թվում` հաշմանդամության և ընտանեկան նպաստներին վերաբերող հարցեր։ Բնակչության շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի ընտանիքները բարձր են գնահատում 114 թեժ գծի ծառայությունը։

Հիմնվելով ծրագրի հաջողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ սոցիալական համակարգի բարեփոխումների շրջանակում, ներառյալ այն բարեփոխումները, որոնք միտված են բարելավելու երեխաների և այլ խոցելի խմբերի կենսամակարդակը, սոցիալական պաշտպանությունն ու սոցիալական ներառումը։

«Մենք բարձր ենք գնահատում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներում Հայաստանի շարունակական առաջընթացը և կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը շարունակել բարելավել համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու համար»,- նշել է տիկին Գրիզերը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930