Լրահոս
Օրվա լրահոսը

Տեկտոնիկ փոփոխություններ չեն լինելու

Նոյեմբեր 10,2016 10:06

Երեկ մետրոյում ինձ մի մարդ մոտեցավ եւ, իր խոսքերով, «մասնագիտական» մի հարց տվեց՝ «կարո՞ղ է Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Ես ասացի, որ դա բացառված է. իմ պատկերացմամբ՝ դա հակասում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, որոնց բաղկացուցիչ մասն է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը (որքան էլ դա ցավալի լինի մեզ համար): Փոխարենն ինձ թվում է, որ նույն այդ շահերից բխում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումը եւ Արցախի հարցի «ռուսական սցենարներին» հակադրվելը: Բայց ես, բնականաբար, մետրոյի աղմուկի մեջ այս ամենը չէի կարող բացատրել, պարզապես ասացի՝ «բացառված է»: Բայց իմ զրուցակիցը բերեց իր փաստարկը. «Բայց կարող է, այնուամենայնիվ, ճանաչի, նա ասում է՝ ոչ մի մուսուլման էս երկիր չպիտի մտնի»:
Իհարկե, Թրամփը բառացի նման բան չէր ասել, բայց նախընտրական արշավի ժամանակ արել էր մի քանի «հակամահմեդական» հայտարարություններ, ինչի պատճառով այդ կրոնը դավանող ամերիկացիները ձայն են տվել Քլինթոնին: Ավելին՝ հօգուտ իմ զրուցակցի կարող եմ բերել Թրամփի դժգոհությունները որոշ դաշնակիցներից, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում: Համատեքստից կարելի է հասկանալ, որ նկատի ուներ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որոնք թաքնված կամ անթաքույց ձեւով աջակցում են իսլամիստ ծայրահեղականներին:

Սակայն այստեղ առաջ է գալիս ամենակարեւոր հարցը. այն, ինչ ասել է նախագահի թեկնածու Թրամփը, շեշտակիորեն տարբերվելու է նրանից, ինչ անելու է նախագահ Թրամփը: Նա, այո, «ոչ համակարգային» դեմք է, բայց համակարգը, ներկայիս քաղաքական վերնախավը, այդ թվում կոնգրեսականներն ու սենատորները «կբացատրեն» նրան, որ ԱՄՆ նախագահը, որքան էլ ունենա քաղաքացիների աջակցությունը, ու որքան էլ այդ քաղաքացիները ձանձրացել են ամերիկյան քաղաքական եւ տնտեսական վերնախավից (իսկ Թրամփը հենց այդպիսի՝ վստահություն վայելող նախագահ է), նա միեւնույն է՝ պետք է խաղա որոշակի կանոններով:

Օրինակ՝ թեկնածու Թրամփն ասում էր, որ պետք է աջակցել Ասադին, որ նա մնա իշխանության գլուխ, բայց Միացյալ Նահանգները դա չի անի: Նա ասում էր՝ պետք է եղբայրանալ Պուտինի հետ, բայց իր երկիրը ներկայիս Ռուսաստանի դաշնակիցը չի դառնա, թեեւ, հուսանք, այսօրվա ծայրահեղ լարվածությունը կթուլանա: Թեկնածու Թրամփը վիրավորել է Անգելա Մերկելին, բայց Գերմանիան եւ ԱՄՆ-ը, հակառակը, կմնան կայուն դաշնակիցներ:

ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեկտոնիկ փոփոխություններ չեն լինի: Նախընտրական հռետորաբանությունը շատ արագ կմոռացվի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Իսկ որոնք են Միացյալ Հայքի ազգային շահերը:

  2. Հ.Շ. says:

    եւ ինչո՞ւ բացառված է որ «դա [չհակասի] Միացյալ Նահանգների ազգային շահերին», այլ նոյնանա այդ շահերին

    նկատի ունենալով ընթացիկ իրադարձությունները Սուրիոյ եւ Իրաքի մէջ, Թուրքիայի շեշտակի սայթաքումը դէպի բռմատիրական իզլամամոլություն, անոր կապերը ISIS-ի հետ, Քիւրտիստանի կազմավորումը, եւայլն.

    չեմ ասում որ ԱՄՆի նոր նախագահը անպայման ճանաչելու է Ցեղասպանությւնը , սակայն այդ կարելիությունը կտրականապէս բացառելու մօտեցումն է որ տարօրինակ է

    • Հ.Շ. says:

      Թրամփի մասին կարծինքները լայնօրէն հիմնված են տպաւորությունների վրայ, եւ ոչ տվյալների: Հետեւաբար, այդ կարծիքները ոչ միայն պարզապէս հեռու են իրականությունից, այլ հաճախ՝ ուղղակի հակառակն են իրականութեան:

      Սակայն, մնալով միայն Խմբագրականի մասնահատուկ նիւթին մէջ՝

      կան երկու հիմնական նշաններ, որոնք Թրամփը նշանակալից կերպով կը զանազանեն իրեն նախորդող մի քանի նախագահներից, եւ հետեւաբար հաւանականությունը կը բարձրացնեն որ ան ոչ միայն ճանաչի Ցեղասպանությունը, այլ ընդհանրապէս հայանպաստ դիրքորոշումներ ունենա, թերեւս նոյնիսկ որոշ քայլերու դիմէ՝

      ա) Ամերիկայի քաղաքական ոլորտում բարձրաստիճան միակ անձավորոթիւնն է է որ, հանրային կերպով, ակնարկեց Թուրքիայի եւ ISIS-ի միջեւ մեղսակցության

      https://southfront.org/donald-trump-turkey-looks-like-theyre-on-the-side-of-isis/

      https://www.infowars.com/donald-trump-dares-to-say-that-turkey-looks-like-theyre-on-the-side-of-isis/

      բ) աւելի խորուկ եւ հիմանական մակարդակի մը վրայ, ԱՄՆ-ի այս նոր նախագահը համակիր է ամերիկյան «մեկուսապաշտ» դավանանքին (isolationnism), որու որպէս հետեւանքներից մին՝ իր նախորդների չափ խանդավառ չէ ՆԱՏՕ-ով (մինչ վերջինս անշուշտ ամենաէական հիմունքն է ԱՄՆ-Թուրքիա բարիացակամ կապերին)

      https://www.theatlantic.com/news/archive/2016/07/trump-nato/492341/

      https://www.express.co.uk/news/world/730602/Donald-Trum-s-US-election-victory-Nato-risk-Putin

      https://www.wsj.com/articles/in-trump-nato-faces-a-challenge-1478690705

      Նվազագոյնը այս կէտերի լոյսին տակ, ոչ մի բան ել չի բացառվում, եւ Թրամփի վարչակարգի շնորհիվ Հայության համար նպաստաւոր ձեռքբերումների հնարավորությիւնները հետաքրքրական են: Ամէն դէպքում, անոնք շատ աւելի են, քան եթէ պարտված թեկնածուն հասնէր Սպիտակ Տուն:

  3. araqel says:

    Թրամպը ինչ որ իրականում կարող է անել, դա այն է, որ իր անթաքույց ռասիստական ելույթներով ԱՄՆ-ում բորբոքի յուրօրիանակ քաղաքացիական պատերազմ ու երկիրի հիմքերը այդպիսով խարխլի:
    Իսկ ինքը դա կանի թե չէ, ցույց կտա թե իրան իրականում որ ուժերն են բերել այդ պոստին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930