«Առավոտ»-ի զրուցակիցն է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
– Պարոն Գաբրիելյան, անցյալ շաբաթ Թուրքիայում կալանավորվեցին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը եւ Ֆիգեն Յուքսեքդաղը, եւս մի քանի պատգամավորներ: Հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մի քանի տասնյակ հազար մարդիկ են ձերբակալվել: Եթե բնութագրենք վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները` ի՞նչ կարող ենք եզրակացնել, Էրդողանն ո՞ւր է տանում Թուրքիան:
– Քրդամետ ԺԴԿ-ն Էրդողանի թիրախում հիմնականում հայտնվեց 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ կարողացել էր հաղթահարել 10 տոկոսանոց ընտրաշեմը եւ 550 հոգանոց խորհրդարանում ստանալ 80 մանդատ՝ դառնալով խորհրդարանի 4-րդ խոշոր ուժ («Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) նույնպես ստացել էր 80 մանդատ, բայց քանի որ ԱՇԿ-ն ԺԴԿ-ի համեմատ ստացել էր մոտ 1.5 միլիոն քվե ավելի, հենց նա դարձավ խորհրդարանի 3-րդ խոշոր ուժը)։ Հիմնականում դրա պատճառով իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) իր պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ ստանալ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք։
Ըստ ամենայնի՝ Էրդողանը թերագնահատել էր ԺԴԿ-ի պոտենցիալը, ինչն էլ հանգեցրեց ԱԶԿ-ի համար նման արդյունքի։ Դրանից հետո Էրդողանը փորձեց շտկել սխալը, ինչը դրսեւորվեց ԺԴԿ-ի դեմ ճնշումներով, նրա նախընտրական արշավի խափանմանը միտված քայլերով, քրդաբնակ նահանգներում ռազմական ծանր տեխնիկայի կիրառմամբ ռազմական գործողություններ եւ ավերածություններ սկսելով, որպեսզի ԺԴԿ-ն չկարողանա հաղթահարել ընտրաշեմը, ինչը զգալիորեն կմեծացներ ԱԶԿ-ի պատգամավորական մանդատների թիվը։ Եվ, այնուամենայնիվ, ԺԴԿ-ն նոյեմբերի 1-ի կրկնական ընտրություններում կարողացավ (վերստին) հաղթահարել ընտրաշեմը, թեպետ այս անգամ ստացավ 21 մանդատ պակաս՝ 59 մանդատ։
Կարդացեք նաև
ԺԴԿ-ն այդպիսով դարձավ Թուրքիայի խորհրդարանի երրորդ խոշոր ուժը (ԱՇԿ-ն այս անգամ ստացավ կրկնակի քիչ մանդատ՝ 40)։ Բնականաբար, դա նույնպես անընդունելի էր Էրդողանի համար, եւ նա որոշել է ձերբազատվել ԺԴԿ վերնախավից, գլխատել կուսակցությունը, ինչին նպաստում է ընթացիկ տարում ԱԶԿ-ի նախաձեռնությամբ պատգամավորների անձեռնմխելիության վերացումը։ Ավելին, ես ակնկալում եմ, որ Թուրքիայի իշխանությունները ԺԴԿ-ի դեմ կկիրառեն քրդական կուսակցությունների դեմ անցյալի փորձված մեթոդը. հասնել իրավական ճանապարհով կուսակցության փակմանը՝ «որպես ահաբեկչություն սատարող»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջման փորձին, ապա դրա կազմակերպիչները ծրագրել էին իշխանությունից հեռացնել Էրդողանին, սակայն ակամայից փոխարենը նրան տվեցին երկրում արտակարգ դրություն սահմանելու եւ անցանկալի բոլոր տարրերից ձերբազատվելու բացառիկ հնարավորություն։ Դա էլ ավելի կնպաստի Թուրքիայի «էրդողականացմանը», նրա միանձնյա իշխանության ամրապնդմանը, եւ ֆորս-մաժորների բացակայության դեպքում 2023թ. (Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կդիմավորեն ոչ թե «աթաթուրքյան Թուրքիայում», այլ «էրդողականացված Թուրքիայում» (Էրդողանն ըստ ամենայնի 5 տարով Թուրքիայի նախագահի պաշտոնում կվերընտրվի 2019թ.)։ Օրեր առաջ Էրդողանն Անկարայում հանրահայտ հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 1453թ. (Ստամբուլի նվաճում) եւ 1923թ. (Թուրքիայի Հանրապետության ստեղծում) իրադարձությունները թուրք ժողովրդի համար ունեն նույն նշանակությունը, ինչ 2016թ. հուլիսի 15-ի իրադարձությունները (ռազմական հեղաշրջման փորձի տապալում)։ Սրանով Էրդողանը հասկացնել է տալիս, որ առնվազն չի զիջում 563 տարի առաջ Կոստանդնուպոլիսը գրաված օսմանյան սուլթան Մեհմեթ 2 Ֆաթիհին (Նվաճող) եւ նույն Քեմալ Աթաթուրքին։
– Վերջերս Թուրքիայում կալանավորվեց ընդդիմադիր «Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն, եւ պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։ Հայտնի է, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը այս տարի կտրուկ ավելացել է: Թուրքիայում հայ համայնք կա, բազմաթիվ հայաստանցիներ: Վերջին իրադարձությունները որքանո՞վ են վտանգավոր նախ` ՀՀ քաղաքացիների համար, ինչպես նաեւ` Թուրքիայի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` հայ պատգամավորների համար:
– «Ջումհուրիյեթ» ազդեցիկ թերթը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով եւ, բնականաբար, վաղուց է հայտնվել Էրդողանի թիրախում՝ հատկապես, երբ բացահայտեց, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բեռնատարներով գաղտնի զենք է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։ Չեմ բացառում, որ թերթը շուտով կփակվի` կիսելով մեկ այլ հանրահայտ ընդդիմադիր «Զաման» թերթի ճակատագիրը։
Թեեւ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում խստացվել է ընդհանուր վերահսկողությունը, 3 ամսով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ (որը երկարաձգվեց նույնպիսի ժամկետով)՝ առանձնակի խնդիրներ չեմ տեսնում ՀՀ քաղաքացիների եւ Թուրքիայի հայ համայնքի համար, քանի որ նրանք կապված չեն եղել այդ վերջին իրադարձությունների հետ։ Ամեն դեպքում Թուրքիայում տիրող անկայուն վիճակը, բազմաթիվ ահաբեկչությունները պետք է որ ավելի մտահոգիչ լինեն նրանց համար։ Իրավիճակը վտանգավոր կարելի է համարել Թուրքիայի խորհրդարանի 3 հայ պատգամավորներից միայն Գարո Փայլանի համար՝ հաշվի առնելով նրա կուսակցական պատկանելությունը (ԺԴԿ, որն իշխանությունների թիրախում է) եւ նրա հայանպաստ մեծ գործունեությունը, հայամետ նախաձեռնությունները Թուրքիայի խորհրդարանում, որոնք ցավագին են ընկալվում թուրքական իշխանությունների կողմից։
– Պարոն Գաբրիելյան, հայտնի է, որ Թուրքիայում հաջորդ տարի սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու: Ի՞նչ հիմնական փոփոխություններ են նախատեսվում, որո՞նք են Էրդողանի նպատակները:
– Ես անկասկած եմ համարում, որ մոտ ժամանակներս Թուրքիայում կընդունվի նոր Սահմանադրության նախագիծը, ինչն, ըստ ամենայնի, կընդունվի նոր հանրաքվեի միջոցով, քանի որ դրա ընդունման համար պահանջվում է 367 քվե (խորհրդարանի 2/3-ը), մինչդեռ ԱԶԿ-ն ունի 317 մանդատ (նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պահանջվում է առնվազն 330 քվե՝ խորհրդարանի 3/5-ը)։ Նոր Սահմանադրությունը կփոխարինի 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրությանը, որով մեծ իրավունքներ էին շնորհվել զինվորականներին ու դատական համակարգին։
Չնայած 2007թ. հոկտեմբերի 21-ին եւ 2010թ. սեպտեմբերի 12-ին (ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց) ԱԶԿ-ի նախաձեռնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեների արդյունքում զգալի փոփոխություններ էին կատարվել Սահմանադրությունում՝ Էրդողանը նախընտրեց ընդունել նոր Սահմանադրություն, որն առաջին հերթին ենթադրում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի («Մեկ մարդու» ռեժիմի)։ Հենց այդ հանգամանքը (մեծ լիազորություններով նախագահի հեռանկար) հաշվի առնելով էլ Էրդողանը որոշեց 2014թ. դառնալ Թուրքիայի նախագահ, որն իր լիազորություններով զիջում է երկրի վարչապետին։ Էրդողանին այդ քայլին մղեց նաեւ ԱԶԿ ներքին կանոնակարգը, ըստ որի՝ նրա ներկայացուցիչը չէր կարող պատգամավոր ընտրվել 3 անգամից ավելի (Էրդողանն արդեն 3 անգամ դարձել էր պատգամավոր)։
Ի դեպ, Էրդողանն ի սկզբանե փորձել է ցույց տալ նախագահի պաշտոնում իր «բացառիկությունը»՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից ընտրված Թուրքիայի առաջին նախագահն է (մինչ այդ նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը) եւ հետեւաբար «չի կարող ունենալ» նույնպիսի գործառույթներ, ինչպես որ խորհրդարանի ընտրած նախագահների դեպքում էր։ Իր այդ «բացառիկությունը» Էրդողանը ցույց տվեց նաեւ «Չանքայա» նախագահական նստավայրը լքելով եւ «թուրքական Սպիտակ տուն» տեղափոխվելով, որը, տարբեր տվյալներով, ունի 1000-2200 սենյակ։
Շարունակությունը`
վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
09.11.2016