Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնը ՌԵԹԱ-ի անդամ է

Նոյեմբեր 10,2016 14:00

Իսկ հուլիսից ընդգրկված է «Օպերա Եվրոպա»
խոշոր կազմակերպության ցանկում

Ռուսաստանի Երաժշտական թատրոնների ասոցիացիան (ՌԵԹԱ), որ հիմնադրվել է 2004 թվականին, միավորում է ավելի քան 45 խոշոր երաժշտական թատրոնների, այդ թվում՝ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի առաջատար օպերային թատրոնները: Ասոցիացիայի նախագահն է մեր հայրենակիցը` Մոսկվայի Նատալյա Սացիի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը ռուսական երաժշտական թատրոնների գործունեության հայեցակագի ձեւավորումն է, ավելին՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների երաժշտական թատրոնների տեղեկատվական մշակութային դաշտի ստեղծումը: Այս մասին «Առավոտին» հայտնեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, որը նոյեմբերի 1-5-ը մասնակցել է Մոսկվայում կայացած վերոնշյալ ասոցիացիայի կոնֆերանսին:

andranik-arzumanyan

Անդրանիկ Արզումանյան

Օպերային թատրոնի տնօրենը նախ նշեց, որ Երեւանի օպերային թատրոնն արդեն ասոցիացիայի անդամ է, հետո հակիրճ ներկայացրեց վերջինիս առաքելությունը: «Օրինակ` գարնանը նույնպես Մոսկվայում կայացած երաժշտական թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ թատերաշրջանների հեռանկարները»- նշեց տնօրենը: Հավելեց նաեւ, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թատրոնների տնօրեններին եւ գեղարվեստական ղեկավարներին սերտ կապեր հաստատել, պայմանավորվել միացյալ նախագծերի շուրջ, լուծումներ գտնել ծագած իրավական եւ բարդ բարոյական խնդիրների դաշտում, կարճ ասած՝ զգալ կոլեկտիվ փոխաջակցություն:

«Թատրոնների ղեկավարների աշնանային այս կոնֆերանսը բաղկացած էր մի քանի թեմատիկ հարցերից՝ օրինակ, գործնական սեմինարներ անցկացվեց ռուսաստանյան եւ արտասահմանյան թատերական գործիչների փոխհամագործակցության թեմայով, տեղի ունեցան քննարկումներ եւ կլոր սեղաններ երաժշտական լսարանի երիտասարդացման ուղղությամբ եւ այլն»,-հայտնեց մեր զրուցակիցը:

dmitri-bertman

Դմիտրի Բերտմանը

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ փոխշահավետ համագործակցություն ձեռք բերվեց Երեւանի օպերային թատրոնի եւ ռուսաստանյան կամ արտասահմանյան որեւէ թատրոնի հետ, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք Մոսկվայի Գելիկոն օպերայի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանի հետ, ստորագրեցինք համապատասխան փաստաթուղթ` այս թատերաշրջանի ավարտին` այսինքն՝ 2017 թվականի գարնան վերջին Երեւանի օպերային թատրոնում Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը» բեմադրելու համար: Այն կիրականացնի երիտասարդ ռեժիսոր Վասիլի Բարխատովը, իսկ նկարչական ձեւավորումը կիրականացնի ճանաչված թատերական բեմանկարիչ Զինովիյ Մարգոլինը: Ներկայացումը մեկ տարի Երեւանում ընթանալուց հետո, կներկայացվի նաեւ Մոսկվայում»:

Հետաքրքրությանը` թե ասոցիացիային անդամակցելը արդյոք հնարավորություն տալի՞ս է թեթեւացնելու բեմադրության ֆինանսական ծանրաբեռնվածությունը, մեր զրուցակիցն առանց մանրամասնելու պատասխանեց՝ այո: Հետո էլ շեշտեց. «Մեր օպերային թատրոնի դեպքում գլխավոր ֆինանսավորողը ՀՀ մշակույթի նախարարությունն է»:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսից Երեւանի օպերային թատրոնը ընդգրկված է նաեւ «Օպերա Եվրոպա» խոշոր կազմակերպության ցանկում, որտեղ 33 երկրներից 110 թատրոններ են ընդգրկված:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930