Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդները տարին կեզրափակեն Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունով

Նոյեմբեր 10,2016 13:30

Հայաստանի ծանրորդները մրցաշրջան 2016-ում մի ամբողջ շարք նվաճումներ արձանագրեցին, որոնց մի մասը նախադեպը չէր ունեցել: Դա հնարավոր եղավ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, որը, երբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան օլիմպիական տարվա հենց սկզբից փաստացի զրկվեց նախագահից, իր հովանու ներքո վերցրեց ամբողջ մարզաձեւը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ ներդրումները: Ծանրորդների թվարկելիք տիտղոսներն այստեղ վերաբերում են միայն երկամարտին: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարեվերջին կներկայացնի ամբողջական պատկերը:

Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյում հռչակվեցին ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, իսկ գարնանը նրանք Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, համապատասխանաբար, նվաճել էին արծաթ եւ բրոնզ: Նորվեգական Ֆյորդե քաղաքում փայլեցին Եվրոպայի չեմպիոն դարձած Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Բացի սա, մեր աղջիկները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի թիմային չեմպիոնի տիտղոսը, իսկ տղաների հավաքականը ճանաչվեց երկրորդը: Անցած ամիս Մալայզիայի Պենանգ քաղաքում անցկացված աշխարհի պատանիների առաջնությունում Արփինե Դալալյանը դարձավ հայաստանցի առաջին մարզուհին, որ այս տարիքային խմբում մեդալ նվաճեց՝ դառնալով բրոնզե մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նաեւ Կարեն Ավագյանը:

Մրցաշրջանը մեր ծանրորդների համար դեռ չի ավարտվել: Առջեւում դեկտեմբերի 1-ից 11-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվելիք 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունն է, որտեղից նույնպես մեդալների հարուստ ավարի ակնկալիք ունենք: Առավել եւս, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դրանում լիահույս է: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ նոյեմբերի 15-ից Աբովյանում այս տարիքային խմբի համար ուսումնամարզական հավաք է կազմակերպվելու, որի ավարտին կորոշվեն մրցավայր մեկնող ծանրորդները: Պարոն Ալավերդյանի խոսքերից ենթադրելի է, որ իրենք նախապես գիտեն, թե հիմնականում ովքեր են հավակնում մեկնելու Իսրայել, քանի որ ինչպես ինքն ասաց, հավաքին հրավիրվելու են միայն նրանք, ովքեր կարող են Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալների համար: Մասնագետի խոսքերով, նախատեսվում է ընդհանուր առմամբ Էյլաթ գործուղել երկու տարիքային խմբերի մոտ 13 ծանրորդ, որոնցից երեքը՝ աղջիկ: Փաշիկ Ալավերդյանը հրապարակեց աղջիկների անունները. Իզաբելլա Յայլյանը հանդես կգա 23 տարեկանների, իսկ Արփինե Դալալյանը եւ Սոնա Պողոսյանը՝ 20 տարեկանների առաջնությունում: Դրա փոխարեն նա ձեռնպահ մնաց տղաների անունները թվարկելուց՝ նշելով, որ ավելի ճիշտ կլինի սպասել հավաքներին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930