Հոկտեմբերի 26-ից անալոգային հեռարձակման դադարեցումն ու թվային եթերի անցումը լուրջ խնդիրներ է ստեղծել Գյումրիում։ Նպաստառուների ցուցակում չընդգրկված, սակայն սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ բողոքում են, որ տեղեկատվական սով է սկսվել իրենց ընտանիքներում, չեն կարող թվային ընդունիչ սարքեր գնել, որովհետև դրանց գինը սկսվում է 8 հազար դրամից, հասնում մինչև 16 հազար դրամի, 2 հազար դրամ էլ տեղադրողին ես տալու։
«Ամեն ինչից մեզ զրկեցին, ներեցինք, բայց սա վերջն է, լուրեր լսելուց զրկեցին, որ խուլ-համր մնանք։ Գյումրիի 80 տոկոսն այս վիճակում է, ո՞վ պիտի պատասխան տա սրա համար, ո՞վ բերեց էս օյինը մեր գլխին, գնում ես տուն, զբաղմունք չկա, ձանձրույթից խելագարվում ես»,-զայրացել էին գյումրեցի տարեց մարդիկ։ Նրանց ասելով, 8 հազար դրամանոց սարքն էլ «բռակ է», խանութից մինչև տուն ես հասցնում, փչանում է, իրենց ծանոթներից մի նպաստառու կնոջ հատկացրել են այդպիսի մի սարք, դեռ չտեղադրած՝ հանել, տարել էր վարպետի մոտ։
Մեր հարցին՝ ոչ մի ալիք չե՞ք կարող նայել, նույնիսկ թուրքականները․ Գյումրիում Թուրքիայի բոլոր հեռուստաալիքներն արտակարգ են բռնում, ծերունիներից մեկն ասաց․ «Ոչ մի ալիք էլ չկա, ո՛չ թուրք կա, ո՛չ ռուս կա, ո՛չ հայ կա, սաղ վերացրել են, էս քաղաքում տելեվիզոր կարող են նայել միայն նպաստառուներն ու հարուստները, չեն թողնում լուրերը լսես, հո զոռով չէ»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ