ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլլարի Քլինթոնը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հանդես եկավ ելույթով:
«Նախորդ գիշեր ես շնորհավորել եմ Դոնալդ Թրամփին եւ առաջարկել միասին աշխատել հանուն մեր երկրի: Հուսով եմ՝ նա բոլոր ամերիկացիների համար կլինի հաջողակ նախագահ: Սա այն արդյունքը չէ, որը մենք ուզում էինք եւ աշխատում էինք դրա համար, եւ ցավում եմ, որ չհաղթեցինք այս ընտրությունները, բայց հպարտ եմ եւ երախտապարտ, որ միասին ստեղծեցինք այս քարոզարշավը` մեծ, բազմազան, ստեղծագործ, անզուսպ, խայտավառ: Դուք Ամերիկայի լավագույն ներկայացուցիչներն եք, եւ ձեր թեկնածուն լինելը իմ կյանքի ամենամեծ պատիվն է: Գիտեմ, թե ինչքան հիասթափված եք, քանի որ ես նույնպես զգում եմ դա, եւ նաեւ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ, որոնք ներդրել են իրենց հույսերը եւ երազանքները: Ցավալի է, եւ դեռ երկար ժամանակ կշարունակի ցավալի լինել»,- ասաց նա:
Հիլլարի Քլինթոնը նշեց, որ միշտ հավատացել եւ հավատում է Ամերիկային, եւ պետք է ընտրության արդյունքներն ընդունել եւ Դոնալդ Թրամփին հնարավորություն տալ. «Մենք մեկ ու կես տարի ենք ծախսել երկրի տարբեր հատվածներից մարդկանց միավորելու համար՝ մեկ մարդու նման ասելու համար, որ մենք հավատում ենք՝ ամերիկյան երազանքը բավական մեծ է՝ բոլորի համար: Տարբեր ռասսաների մարդկանց համար, կանանց, տղամարդկանց, ներգաղթյալների, ԼԳԲՏ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Բոլորի համար»:
Հիլլարի Քլինթոնը ընդգծեց, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է նրա համար, ինչին հավատացել է եւ կոչ արեց բոլորին պայքարել. «Ես ունեցել եմ հաջողություններ եւ հետընթացներ, երբեմն շատ ցավալի: Ձեզնից շատերը սկսում են պրոֆեսիոնալ, հանրային եւ քաղաքական կարերիաները դուք եւս կունենաք հաջողություններ եւ հետընթացներ: Այս կորուստը ցավեցնում է, բայց խնդրում եմ երբեք մի դադարեք հավատալ, որ արժե պայքարել նրա համար, ինչին հավատում ես»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ