«Թրամփը կլինի նախագահը, թե Քլինթոնը, ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր սեփական շահերով: Իսկ Ամերիկան մինչեւ հիմա բացատրել է, որ տարածաշրջանում ունի մի քանի շահեր, գլոբալ իմաստով երեք` նավթային խնդիրները, կայունության հարցերը եւ ժողովրդավարության տարածում: Այդ 3 հարցերից ելնելով էլ մշակվելու են ամերիկյան մոտեցումները»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գնահատականը հիշեցրեց, որ կապ չունի ինչպես են փոխվում ԱՄՆ-ում նախագահները, արտաքին քաղաքականությունը լավագույն դեպքում 20 տոկոսով է փոխվում: Ու Թրամփն էլ նոր փոփոխություններ կարող է բերել այս 20 տոկոսի մասով. «Չեմ հավատում, որ մեծ, լուրջ փոփոխությունների խնդիր կարող է լինել: Մարդիկ կան, որ մտավախություն են հայտնում, թե Թրամփն ունի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ: Դա գիտակցելով՝ մենք պետք է այն ճկուն քաղաքականությունը վարենք, որ ԱՄՆ-ում գիտակցություն ձեւավորվի, որ ամերիկյան շահերը տարածաշրջանում ապահովելու համար հայկական շահերը միշտ պետք է հաշվի առնեն: Ղարաբաղյան հիմնախնդրում այսպես թե այնպես Մինսկի խմբի համանախագահներն են լինելու, այսինքն, ԱՄՆ-ի կողմը միանձյա որոշումներ չի կայացնելու»:
Թեւան Պողոսյանն ասաց, որ այնպիսի տնտեսություն պիտի զարգացնենք, որ ամերիկյան ներդրումները ոչ թե սփյուռքի վրա հիմնված լինեն, այլ՝ շահավետ լինեն տարբեր ամերիկյան բիզնեսմենների համար: Դրանք բոլորը մեր տնային աշխատանքներ են: Նա ասաց, որ մենք մեծ աշխատանք պետք է տանենք՝ նախաձեռնող լինենք, առաջարկենք նոր մոտեցումներ, եւ ի վերջո կհասնենք նրան, որ հայկական շահերը հաշվի կառնեն:
Այսօր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել էր, որ Քլինթոնը ճակատագրական սայթաքում արեց, երբ հայտարարեց, թե նախագահ դառնալու դեպքում աշխարհի երեսից սրբելու է Ռուսաստանը եւ նրա դաշնակիցներին: Սա խաղաքարտ դարձավ Թրամփի թիմի ձեռքին: Թեւան Պողոսյանը չի գտնում, որ Քլինթոնի պարտությունը կարող է հիմնված լինել 1-2 հայտարարությունների վրա: Նա ասաց, որ ամերիկյան հասարակությունն ընկալելու համար պետք է գիտակցել, թե ինչից կարող են հոգնած լինել, ինչի են ձգտել, ինչից են ճնշված եղել. «Մինչեւ վերջին օրը ամերիկյան տարբեր փորձագետների գնահատմամբ՝ Քլինթոնն առաջատար էր: Դա հիմնված էր սոցհարցումների, այլ հետազոտությունների վրա: Բայց, փաստորեն, դրանք խաբուսիկ էին»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ մենք էլ պետք է դասեր քաղենք այս ամենից եւ հասկանանք, որ պետք է հարգել ԱՄՆ ժողովրդի ընտրությունը եւ մեր քաղաքականությունը այնպես վարենք, որ հայկական շահերը չանտեսվեն, մեր ողնաշարն ամրացնենք. «Ամերիկան, իր շահերից ելնելով, աշխատում է նրանց հետ, ովքեր հզոր են եւ կարող է անտեսել թույլ երկրների շահերը»:
Ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Քլինթոնը զանգել եւ շնորհավորել էր Թրամփին: Ըստ Թեւան Պողոսյանի, «Այս մշակույթը ցավալի է, որ մեզ մոտ չկա: Ուրախ կլինեմ, որ ապագայում մեզ մոտ նույնպես այդ մշակույթը ձեւավորվի: Ընտրական համակարգը այնպիսի վստահություն պետք է ներշնչի, որ պարտված կողմը հարգանքով զանգի, շնորհավորի, իսկ հաղթած կողմը գիտակցի, որ ինքը պետք է անպայման հաշվի առնի այն բոլոր քվեների քանակը, որ ստացել է պարտված կողմը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ