«Տեղի ունեցածը մեկ անգամ եվս խոսում է այն մասին, թե ինչպիսի ոչինչ չասող գեներալներ են հայտնվել մեր Պաշտպանության նախարարությունում»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն`անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանի`օրերս տարածած կոչին, որով նա դիմել էր աշխարհազորայինների հրամանատարներին՝ մոբիլիզացնելու կամավորական ուժերը:
Վերջինս, հիշեցնենք, նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվություն եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն է: Սուրեն Սարգսյանը նկատում է, որ եթե անգամ սահմաններում լարվածության աճի վտանգ կա, դա այսպես հրապարակային կոչով չեն ահազանգում, այն էլ ՊՆ-ում աշխատող «բարձրագոչ գեներալի» շուրթերով, քանի որ դա կարող է խուճապի առիթ դառնալ: Իսկ իր հայտարարությունն անելիս Վարդան Ավետիսյանը մտածե՞լ է սահմանին կանգնած զինվորի ծնողների մասին`վրդովվում է մեր զրուցակիցը:
Սուրեն Սարգսյանն իր տեսակետն ունի Վարդան Ավետիսյանի եւ նրա գեներալական կոչման մասին: Կարծում է, որ Վարդան Ավետիսյանը «Քաջ Նազար գեներալներից է»: Իր տեսակետը հիմնավորելու համար Սուրեն Սարգսյանը մի պատմություն պատմեց. «Սամվել Բաբայանը, որպեսզի Հադրութի տարածաշրջանի ջոկատների եւ նրանց ղեկավարների ինքնուրույնությունը կոտրի, քանի որ Վահան Բադասյանը եւ մյուսները բավական պինդ մարդիկ էին, մի հրաման ստորագրեց: Հրամանը բառացի այսպես էր. «Հրամայում եմ, պրապորշիկ Վարդան Ավետիսյանին շնորհել մայորի կոչում եւ նշանակել Հադրութի գնդի հրամանատար»:
Վարդան Ավետիսյանը Հադրութի գնդում հրամանատար եղավ ուղիղ մեկ ամիս: Հետո խայտառակ ձեւով հեռացրին նրան, որովհետեւ այդ մեկ ամսվա ընթացքում Հադրութի գնդի 26 տանկերից 18-ը ոչնչացավ կամ ընկավ թշնամու ձեռքը: Հետո, ինչպե՞ս նա դարձավ գեներալ`կարող եք գուշակել: Բայց Վարդան Ավետիսյանը մնաց պրապորշիկի հոգեբանությամբ»:
Կարդացեք նաև
Սուրեն Սարգսյանը վրդովված է, նաեւ հեգնանքով է վերաբերվում Վարդան Ավետիսյանի կոչին, այն «պրիմիտիվ» է համարում: Նա չի պատկերացնում էլ, թե ո՞ւմ է այն ուղղված, քանի որ ազատամարտիկներն ու ջոկատների ղեկավարները, շատ լավ գիտեն Վարդան Ավետիսյանի անցյալը ու այդ պատճառով էլ նրա կոչին չեն անսա: Սուրեն Սարգսյանը Վարդան Ավետիսյանի ներկայից էլ է տեղյակ. «Ասացին, որ այդ անցյալով մարդը «Կիլիկիո տուն» ռեստորանային համալիրն էլ է գնել, յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարով: Լավ կլինի իր բիզնեսով զբաղվի եւ չապականի բանակը այդքան էժանագին հայտարարություններով, եթե անգամ իրավիճակն իսկապես լարված է»:
Վարդան Ավետիսյանի կոչի արդյունքում բարձրացած աղմուկից հետո, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Վարդան Ավետիսյանը կոչ է հնչեցրել իբրեւ հասարակական կազմակերպության նախագահ: Սուրեն Սարգսյանը կարծում է, որ սա եվս մեկ պատասխան է այն հարցի, թե ինչո՞ւ ապրիլին մենք հարյուր զոհ եւ տարածքների կորուստ ունեցանք. «Որովհետեւ Վարդան Ավետիսյանի նմանների խելքներին ինչ փչել է`արել են`սեփական անձը կարեւորելով: Ինչպես Ռուբեն Հայրապետյանը սպորտի նախարարին ասաց`գնա քո ատամնաբուժությամբ զբաղվիր, նույն կերպ այդ մարդիկ թող գնան իրենց գիրը գրեն, ջութակը ծնգլացնեն, ռեստորան աշխատեցնեն, բիզնես անեն, բայց գեներալություն անելու համար այդ գործերից հասկանալ է պետք»:
Ազատամարտիկը հոգ չի համարում, որ Ադրբեջանը կրկին կհարձակվի. «Թող հարձակվեն, մենք պատրաստ ենք: Բայց այսօր ժամանակն է նման երեւույթներից ազատվելու, այլապես նոր ապրիլ կունենանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ