2016թ. մայիսի 27-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում դպրոցական «Վերջին զանգի» արարողությունից հետո դպրոցի մոտ գյուղի բնակիչ Սասուն Չոբանյանի մասնակցությամբ աղմկոտ միջադեպ է եղել: Այգեհովտի բնակիչների վկայությամբ՝ այդ միջոցառման ժամանակ Ս. Չոբանյանի եւ համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանի միջեւ թունդ վեճ է եղել, հնչել են բարձրաձայն վիրավորական արտահայտություններ:
Ս. Չոբանյանի եղբոր որդին նշված դպրոցի այս տարվա շրջանավարտներից է: Շրջանավարտները Աչաջուր գյուղում նշել են դպրոցն ավարտելը, վերադարձել Այգեհովտի դպրոց: Այգեհովտի դպրոցի տնօրեն Արմեն Մելքոնյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի դարպասների մոտ, Սասուն Չոբանյանը ցանկացել է մտնել դպրոցի տարածք, ոստիկանները թույլ չեն տվել: Գյուղում եղել է 3 ոստիկան, նրանցից մեկը հեռացել է, մնացել են երկուսը, որից մեկը եղել է Այգեհովտի հարեւան սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակչուհի, համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանը: Այգեհովիտ են ժամանել ոստիկանության Իջեւանի բաժնի մի քանի կարգախումբ:
Հավելենք, որ Մարինա Բաղդասարյանը, ով իրավաբանական կրթություն չունի, շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայող է դարձել, ստանալով սպայական կոչում: Սույն դեպքի կապակցությամբ նյութեր էին նախապատրաստվել, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը քրեական գործի հարուցումը մերժել է, քանի որ Սասուն Չոբանյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չի տեսել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել»): Քանի որ քրեական գործն առնչվում է նաեւ ոստիկանության գործողություններին, գործի քննությունը կատարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ