Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Նոյեմբեր 09,2016 18:30

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը  հանդիպել է Համաշխարհային բանկի  կողմից Հայաստանին աջակցության առաքելության առաջադրանքային խմբի  ղեկավար Ռուքսանդրա Ֆլորոյունին և  հանքարդյունաբերության ոլորտի բնապահպան-մասնագետ Սայմոն Փոունին:

Ողջունելով հյուրերին և արձանագրելով, որ Համաշխարհային բանկի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա` Արծվիկ Մինասյանը հայտնել է իր ղեկավարած կառույցի`ավելի լայն համագործակցության պատրաստակամության մասին: Բնապահպանության նախարարը նկատել է, որ պետության զարգացման հիմքը պետք է լինի պահպանված շրջակա միջավայրը և դրա համատեքստում Նախարարությունը ցանկանում է  հանդես գալ նոր ծրագրերով և գաղափարներով, որոնք կխթանեն  կանաչ տնտեսության զարգացումը: Այն ապահովելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունը միջազգային դոնոր կազմակերպությունների տեխնիկական և ֆինանսական աջակցության կարիքն ունի և այդ նպատակով պետական լիազոր մարմնից կլինեն նրանց` այդ թվում նաև Համաշխարհային բանկին ուղղված բազմաթիվ  ծրագրային առաջարկներ:

Շնորհավորելով  Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ` Ռուքսանդրա Ֆլորոյունը հավաստիացրել է, որ  համագործակցությունը Նախարարության հետ կշարունակվի և կքննարկվեն հայկական կողմից ուղարկված ոլորտին առնչվող բոլոր առաջարկները:

Կողմերը քննարկել են ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման, ներառման և թափանցիկության ապահովման նպատակով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդունված նոր փոփոխությունների կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու հարցեր: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օժանդակել, որպեսզի ենթաօրենսդրական ակտերը մշակվեն և ընդունվեն նախատեսված ժամկետներում, ինչն ավելի բարձր մակարդակի վրա կդնի ընդերքօգտագործման գործունեության ծավալման բնապահպանական չափանիշները:

Տիկին Ֆլորոյունի խնդրանքով նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրում բնապահպանական առաջնահերթությունները: Տեղեկացնելով բնապահպանության ոլորտի հիմնական ծրագրերի մասին` բնապահպանության նախարարը հատուկ անդրադարձել է բնապահպանական ռազմավարության մշակման անհրաժեշտությանը, որով նույն հարթության վրա կդրվեն կայուն զարգացման երեք` տնտեսական, սոցիալական և բնապահպանական սկզբունքները:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա ընթացքի և նախատեսվող աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:

 ՀՀ բնապահպանության նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930