Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կա տեղեկություն, որ Քլինթոնը Թրամփին զանգելով՝ պայման է դրել նրա առաջ. Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 09,2016 18:01

«Թրամփի ընտրությունն, ըստ էության, բողոքական ընտրազանգվածի հաղթանակն էր, որովհետեւ մարդիկ հոգնել էին, եւ ստանդարտից դուրս մոտեցումներն են հիմա ավելի պոպուլյար»,- Aravot.am-ի հետ զրույցում Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ 45-րդ նախագահի հաղթանակն այսպես մեկնաբանեց Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա ասաց, որ հիմա ոչ ստանդարտ մոտեցումներին են նախապատվությունը տալիս ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում. «Սա տենդենց է, եւ միայն ամերիկյան ժողովրդավարության մոտ չէ, որ նման խնդիր է առաջանում: Ունենք այն, ինչ ունենք, եւ բոլորը պետք է հաշվի նստեն ԱՄՆ ժողովրդի ընտրության հետ»:

Թե մեզ ինչ է տալու Թրամփի հաղթանակը՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից որեւէ փոփոխություն չի լինի, որովհետեւ այդ հարաբերությունները նախագահների ընտրությունից չեն փոխվում. «Միգուցե մեզ համար ավելի լավ լիներ, որ Քլինթոնն անցներ՝ այն առումով, որ Հայաստանում եղել է 2 անգամ, գիտի մեր խնդիրների մասին, ԼՂՀ խնդրի մասին լավատեղյակ էր: Այս մասով միգուցե մեզ համար ավելի լավ լիներ, եթե Հիլարի Քլինթոնի հաղթանակը լիներ: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»:

Մեր հարցին՝ ճի՞շտ էր, որ ԱՄՆ-ի հայ համայնքը հայտարարեց, որ թեկնածուներից որեւէ մեկին չի սատարում՝ նա պատասխանեց. «Որքան գիտեմ, ձայները կիսվել են, համայնքի ներկայացուցիչները ե՛ւ Թրամփին են ձայն տվել, ե՛ւ Քլինթոնին»:

Ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Քլինթոնը զանգահարել է Թրամփին եւ շնորհավորել: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Սա ամերիկյան ընտրությունների ավանդույթի մաս է կազմում: Բացի զանգահարելը նա պետք է ելույթ ունենար եւ հայտարարեր, որ ինքը պարտվել է: Դեռ հարց է՝ ելույթ կունենա՞, թե՞ ոչ, որովհետեւ տվյալներ կան, որ նա պայմանով է զանգել, որ էլ ելույթ չի ունենա, այսինքն, Թրամփը չի պահանջելու ելույթ ունենալ: Կա նման տեղեկություն»:

Թե ինչու հայաստանյան ընտրություններից հետո նման բան տեղի չի ունենում, Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ «Մինչեւ ընտրության օրը հասնելը այնքան խախտումներ են լինում, որ որեւէ տեղ չի մնում իրար շնորհավորելու եւ ընդունելու արդյունքները: Եթե արդար լիներ ընտրությունները, ես, օրինակ, ցանկացել եմ, որ եթե ես մասնակցեմ արդար ընտրությունների եւ պարտվեմ, ես շնորհավորեմ, եթե հաղթեմ՝ ինձ շնորհավորեն: Սա շատ կարեւոր ավանդույթ է, որ մենք պետք է զարգացնենք, բայց մինչ այդ ավանդույթը զարգացնելը պետք է արդար ընտրություններ անցկացնենք, նոր մարդկանցից պահանջենք շնորհավորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930