Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին նիստ էր գումարել: Օրակարգում «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Կարինե Պողոսյանի եւ «Ասպարեզ» կայքի Նարինե Գալստյանի բողոքն էր: Որը վերաբերում էր թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ին կայացրած 230Ա, 231Ա, 232Ա եւ 233Ա որոշումների վիճարկման խնդրին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Կարինե Պողոսյանը եւ Նարինե Գալստյանը բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որը կայացրել էր 230Ա, 231Ա, 232Ա եւ 233Ա որոշումներ. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ըստ էության, ներկայացված բողոքը թե՛ իր հիմնավորումներով, թե՛ իրավական ձեւակերպումներով չի տարբերվում մինչ այժմ ներկայացրած բազմաթիվ բողոքներից, որոնք վերաբերել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ՏԻՄ ընտրությունների ժամանակ կայացրած իրավական ակտերին: Ներկայացրած հիմնավորումները նույնն են, ներկայացված իրավական վերլուծություններն ու մեկնաբանությունները եւ իրավական դիրքորոշումները նույնն են, որոնք մինչ այդ ներկայացվել էին»:
Նշենք, որ բողոքաբերները չէին մասնակցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի քննարկմանը: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց բողոքը, ըստ որի, Կարինե Գալստյանը հոկտեմբերի 23-ին Գեղարքունիկի մարզի Վարսեր գյուղի 23/1 տեղամասում՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, նկատել է խախտումներ, որ 50 մետր շառավղով պարբերաբար առաջացել են մարդկանց եւ ավտոմեքենաների կուտակումներ, եւ հանձնաժողովի նախագահի դիտողությամբ ոստիկանը պարբերաբար փորձել է կարգավորել իրավիճակը, սակայն կուտակումները շարունակվել են: Հանձնաժողովին պահանջ է ներկայացվել արձանագրել նշված խախտումները, օրենքով սահմանված պատասխանատվությունը կիրառել խախտում արած անձանց նկատմամբ, քննարկել եւ գնահատել խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքի վրա: Բողոքաբերը համարում է, որ 230Ա, 231Ա, 232Ա եւ 233Ա որոշումները իրավաչափ չեն եւ ենթակա են անվավեր ճանաչման:
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի բողոքն անհիմն է եւ ենթակա է մերժման. «Բողոքում ներկայացված չէ որեւէ հիմնավորում, որեւէ իրավական դրույթ, համաձայն որի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները եւ դիտարկումները գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Ընտրական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասն է ներկայացված եւ նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչը ներառված չէ այն ցանկում, թե ովքեր իրավունք ունեն համապատասխան դիմումներ ներկայացնել: Այսինքն՝ այդ դեպքում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտում առկա չէ»:
Կարդացեք նաև
Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին նախագծին՝ բողոքը մերժվեց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ