ԱՄՆ-ում Հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում մտահոգությունների տեղիք է տվել համաշխարհային գործիչների շրջանում:
Մասնավորապես, ինչպես հայտնում է BBC-ն, մի շարք տագնապալից մեկնաբանություններ են հնչել Գերմանիայից: «Աշխարհի վերջը չէ, բայց մեզ խելագար ժամանակներ են սպասվում»,- ասել է Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների անսպասելի ընթացքն անվանել է «ուժեղ շոկ»: «Ուժեղ շոկ ապրեցի, երբ տեսա՝ ինչպես են զարգանում իրադարձությունները: Բայց, կարծում եմ՝ Դոնալդ Թրամփը գիտի, որ այդ քվեարկությունը ոչ թե իր օգտին էր, այլ Վաշինգտոնի, իշխող քաղաքական էլիտայի դեմ»,- ասել է նախարարը ARD հեռուստաալիքի եթերում:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծիք է հայտնել, որ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի կդառնա:
Կարդացեք նաև
«Ես կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը մեզ համար ապագայում կլինի առավել քիչ կանխատեսելի,- ասել է նա:- Եվ այն բանին, որ ԱՄՆ-ը առավել շատ հակված կլինի միայնակ որոշումներ կայացնելու»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է Facebook սոցցանցի իր էջում կոչ է արել ավելի զգույշ լինել Թրամփից:
«Ուժեղ անհատականություն՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Մենք պետք է առավել զգույշ և կազմակերպված լինենք, քան երբևէ»,- գրել է նա:
BBC-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հիասթափություն է հայտնել Թրամփի հաղթանակի կապակցությամբ: Նրա խոսքով՝ ինքը ցնցված է քվեարկության արդյունքներից և ակնկալում է, որ ԱՄՆ նոր աշխատակազմի հետ աշխատանքը էլ ավելի բարդ կլինի: Շուլցը կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահին «հարգել մեր ինքնիշխան պետությունների հիմնարար արժեքները»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թրամփի հաղթանակով անորոշության ժամանակաշրջան է կանխատեսում: Շնորհավորելով Թրամփին և ամերիկացի ժողովրդին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է. «Այս ընտրությունները բացում են անորոշության ժամանակաշրջան, պետք է այդ մասին հստակ և պարզ հայտարարել»:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ հայտարարել է, որ Թրամփի հաղթանակը ոչ մի պարագայում չի կարող ազդել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի կնքման վրա, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Օբամայի աշխատակազմի հետ:
«Այդ համաձայնությունը ձեռք չէր բերվել առանձին վերցրած երկրի կառավարության հետ: Այն հավանության էր արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ուստի ԱՄՆ նոր կառավարությունը չի կարող վերցնել ու չեղարկել այն»,- ասել է Ռուհանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հույս է հայտնել համատեղ աշխատել ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային դրությունից հանելու, ինչպես նաև միջազգային օրակարգում դրված արդիական հարցերի լուծման և համաշխարհային անվտանգության մարտահրավերներին արդյունավետ լուծում գտնելու ուղղությամբ»:
Նշենք, որ Թրամփին հաղթանակի կապակցությամբ արդեն հասցրել է շնորհավորել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի, առաջնորդներ, միջազգային կառույցների ղեկավարներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ