Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին տարիներին ամենատարբեր բնույթի բարեգործական լուրջ ծրագրեր է իրականացնում Արցախում:
Այսօր Մխիթարյանի՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան պաշտոնապես նշանակվելու արարողությունից հետո Aravot.am-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայից հետաքրքրվեց, թե Հենրիխը իրենց կազմակերպության ծրագրերի շրջանակներում կարո՞ղ է երեխաների կրթության եւ իրավունքների հարցերով զբաղվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչական գրասենյակ, մեր մանդատը սահմանափակվում է ՀՀ կառավարության հետ համաձայնագրով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կողմից, եւ սահմանափակվում է ՀՀ տարածքում: Այսինքն, մեր ծրագրերը եւ գործունեությունը ծավալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», – պատասխանեց Տանյա Ռադոչայը:
Հարցին՝ իսկ եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչի կամ ընդունի Լեռնային Ղարաբաղը, ձեր գործունեությունն արդեն կտարածվի՞ Լեռնային Ղարաբաղի վրա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե Հայաստանի Հանրապետությունն, ասենք, ճանաչի Ղարաբաղի Հանրապետությունը, դա արդեն կլինի ուրույն տարածք եւ մեր գրասենյակի գործունեությունն էլի կլինի այստեղ եւ այնտեղ կծավալվի այլ գործունեություն: Այդ դեպքում արդեն Ղարաբաղ պետությունը պետք է որոշի, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ին եւ բոլոր միջազգային կազմակերպություններին հրավիրո՞ւմ է թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ