Լրահոս
Օրվա լրահոսը

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն. «Աղետ» նախագծում Էրդողանն էլ կա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2016 15:10

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ եւ Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:

Այդ առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրված ասուլիսում մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանն առանձնակի կարեւորեց ոչ միայն «Աղետ» նախագիծը, այլեւ հայ-գերմանական մշակութային համագործակցությունն ընդհանրապես: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս նախագիծը մեկնարկել էր 2015-ին եւ հաջողությամբ իրականացվել Բեռլինում, իսկ 2016-ին՝ Դրեզդենում եւ Բրանդենբուրգում:

axet1Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին. Դա ցեղասպանություն էր» եւ Վաչե Շարաֆյանի «Արթնացեք, փառքեր իմ» ստեղծագործությունները:

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը Դրեզդենի սիմֆոնիկի այս նախաձեռնությունը իրավամբ խիզախ որակեց, ապա պատմեց նախագծի գերմանացի համահեղինակ, կիթառահար Մարկ Սինանի գերդաստանի պատմությունը, որի տատը հայ է եղել, հանձնվել է թուրք ընտանիքի ու մեծացել որպես թուրք, քանի որ ծնողները զոհվել էին:

Դրեզդենի սիմֆոնիկի նվագախմբի տնօրեն, նախագծի հեղինակ Մարկուս Ռինդտը պատմեց, որ տարիներ առաջ է հանդիպել Մարկ Սինանի հետ՝ Անատոլիայում, Մարկը պատմել է իր տատիկի պատմությունը, որը ծագումով հայ է եղել: Նա ստիպված է եղել միշտ թաքցնել իր ինքնությունը:Մարկուսն այնքան է հուզվել, որ որոշել է անպայման մի ծրագիր անել այդ թեմայով, մանավանդ նրա ձեւակերպմամբ, նման քաղաքական ծրագրերը Դրեզդենի սիմֆոնիկի համար ընդունված ձեւաչափ են: Բայց իրենց նպատակը արվեստի մարդկանց միջոցով ազդել էր գործընթացների վրա: Ապա Մարկուս Ռինդտը դիմել է դիրիժոր Անդրեա Մոլինոյին եւ Վաչե Շարաֆյանին:

«Մի այնպիսի սցենար է արված, որտեղ թատրոնի լեզվով է ամեն ինչ պատմվում, ներառված են նաեւ Ռուբեն Սեւակի բանաստեղծությունները, Մարկ Սինանը նվագում է, գոռում է, հուզվում է, պատմում է իր տատիկի պատմությունը… Նախագծի նորացված տարբերակում հնչելու է Բունդեսթագի խոսքը, վերջում՝ Էրդողանի խոսքը, որ դա անհեթեթություն է, ցեղասպանություն չի եղել: Այս նախագծում ամեն երաժիշտ նաեւ գործող անձն է»,-հայտնեց Մարկուս Ռինդտը:

Համերգի դիրիժոր Անդրեա Մոլինոն էլ պատմեց, որ ծրագրի ընթացքում շատ բաներ փոփոխվել են՝ քաղաքականության մեջ փոփոխություններին զուգընթաց.«Էրդողանը դիմեց ԵՄ, որպեսզի նախագծի ֆինանսական աջակցությունը դադարեցվի, եւ սա եւս տեղ է գտել սցենարում: Դրեզդենի համերգից հետո ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, Գերմանիայի արտգործնախարարությունը փակեց Թուրքիայում ծրագրված համերգը»: Մոլինոն հավելեց, որ արվեստը հենց նրա համար է, որպեսզի յուրովի պատասխանի բոլոր հարցերին:

Մարկուս Ռինդտը նշեց, որ 4-րդ անգամ է Հայաստանում ու բազմիցս ունեցել է համագործակցություն հայ երաժիշտների հետ, Ավետ Տերտերյանի ստեղծագործություններն էլ են կատարվել: «Վերջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իբրեւ ունկնդիր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն եմ լսել ու հպարտ եմ, որ այժմ Դրեզդենի նվագախումբն է ելույթ ունենալու նույն բեմի վրա»,-ասաց Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930