Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ջերմացման միտումներն ունակ են փոփոխություններ մտցնել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում, «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
Նա ներկայացրեց ամիսներ առաջ ռուսական կողմի մի շարք հայտարարություններ, որոնք ի ցույց են դնում, թե ինչպես է փոխվել ԼՂ-ի խնդրի լուծման հարցում Թուրքիայի մասնակցության հանդեպ ռուսական կողմի դիրքորոշումը։
«Ապրիլյան պատերազմից հետո նույն Լավրովը ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները որակել էր որպես բացարձակապես անընդունելի՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող, հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու կոչեր են, ինչն արմատականորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության դիրքորոշմանը։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, իր հերթին մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է», հայտարարեց, որ Թուրքիան բորբոքում է Ղարաբաղյան հակամարտությունը։ Եվ վերջապես 2015թ. դեկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշեւիչը հայտարարել էր, թե ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը միակողմանի է (աջակցում է Ադրբեջանին) եւ որ Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերը բացարձակապես ապակառուցողական են եւ չեն կարողանա ունենալ որեւէ շարունակում:
Ուշագրավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հոկտեմբերի 12-ին Ստրասբուրգում Չավուշօղլուի եւ հոկտեմբերի 14-ին Երեւանում Լավրովի այդ հայտարարություններն արվեցին հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Էրդողանի ու Պուտինի հանդիպումից հետո։ Այս շարքին կարելի է հավելել հոկտեմբերի 18-ին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ապագայում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության չբացառելը։ Կարծում եմ՝ այս ամենը շաղկապված է միմյանց՝ հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» համագործակցության եռակողմ ձեւաչափի ստեղծումը»։
Կարդացեք նաև
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք նոյեմբերի 10-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ