Կանադայի պետական միգրացիոն ծառայության կայքն աշխատում է խափանումներով՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կայքի խափանումները պայմանավորված են ծանրաբեռնվածության հետ, քանի որ ամերիկացի օգտատերերը զանգվածաբար մուտք են գործում այդ ծառայության կայք:
Ավելի վաղ բազմաթիվ լիբերալ տրամադրություններով ամերիկացիներ, այդ թվում հայտնիներ, հայտարարել էին, որ Թրամփի հաղթանակի դեպքում պատրաստվում են տեղափոխվել Կանադա:
Ամերիկյան ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Google-ում ավելացել է հարցումների թիվը՝ ինչպես տեղափոխվել Կանադա: Monster կադրային գործակալության տվյալներով՝ ավելացել է նաև Կանադայում աշխատանք փնտրողների թիվը: Ընդ որում, այդ հարցումների թիվը սկսել է աճել տարեսկզբից, երբ մեկնարկեց նախագահական քարոզարշավը:
Կարդացեք նաև
Կանադա միգրացիոն հոսքի մասին տեղեկություններին արձագանքել են նաև այդ երկրի իշխանությունները: Մասնավորապես, Կանադայի թվիթերյան պաշտոնական էջում գրված է. «Կանադայում ներգաղթյալներին խրախուսում են իրենց հետ բերել մշակութային ավանդույթները և դրանք կիսել իրենց համաքաղաքացիների հետ»:
Մի շարք պարբերականներ այս հաղորդագրությունն ընկալում են որպես ծաղր՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ