Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ադրբեջանը 42 օր առաջ Հայաստանին չի նախազգուշացրել նախատեսված զորավարժության մասին

Նոյեմբեր 09,2016 14:10

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ արդյոք նոյեմբերի 12-17-ը Ադրբեջանում նախատեսված զորավարժությունները, որին, ըստ ադրբեջանական կողմի տվյալների, մասնակցելու է 60.000 զինծառայող պլանային էին, թե՝ ոչ:

Վերլուծաբանի խոսքով, այդ զորավարժություններին մասնակցելու են ադրբեջանական գրեթե բոլոր զորամիավորումները:

«Առաջին անգամ չէ նման մասշտաբային զորավարժություն: Ադրբեջանական կողմի տվյալներով, 65.000 զինծառայողի մասնակցությամբ անցած տարվա սեպտեմբերին նույնպես զորավարժություն է անցկացվել: 60.000 զինծառայողով զորավարժությունը հնարավոր չէ մեկ օրում որոշել, պետք է դրա համար նախապատրաստվել, այսինքն, Ադրբեջանում առնվազն մի քանի ամիս առաջ նման մտադրություն են ունեցել»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց վերլուծաբանը:

Նա չի բացառում, որ այս թվաքանակով զորավարժության նպատակը ԼՂ բանակցային կողմերի վրա ճնշում գործադրելն է. «Միշտ էլ փորձում են որպես սպառնալիք, ճնշման միջոց օգտագործել, մասնավորապես, կարեւոր հանդիպումներից առաջ այդ ամենն օգտագործում են բանակցային գործընթացում կողմերի վրա ճնշում գործադրելու համար՝ թե՛ հայկական կողմի, թե՛ Մինսկի համանախագահների վրա:

Ադրբեջանը փորձում է վերջին շրջանում լարում մտցնել, վտանգը միշտ է պահպանվում, չկա մի ժամանակահատված, որ վտանգ չունենք, որ Ադրբեջանը նոր գործողություններ կսանձազերծի: Այսինքն, ադրբեջանական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխություն չի եղել, բայց չենք էլ կարող պնդել, որ սա հենց գործողությունների գնալու նախանշան է: Այս տարվա դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի վեհաժողով է անցկացվելու, այդ հանդիպման շրջանակներում հնարավոր է, որ նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հանդիպեն, բայց ավելի պարզ է, որ այդ վեհաժողովի շրջանակներում Մինսկի համանախագահներն ընդհանուր քննարկում կանցկացնեն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել՝ վստահեցնելով, որ զորավարժությունները պլանային բնույթ են կրում, նախատեսված են եղել ավելի վաղ, այդ զորավարժություններում փորձում են ստուգել իրենց զորքերի մարտունակությունը»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի հռետորաբանության մեջ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի հանդիպումներից հետո որոշակի փոփոխություններ են նկատվում, նրանք առավելապես հոկտեմբերի վերջից անընդհատ սադրիչ հայտարարություններ են անում:

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի մտահոգությանը՝ Ադրբեջանում նախատեսված զորավարժության թվաքանակի վերաբերյալ, որ

նման թվաքանակով զորավարժության դեպքում պետք է տեղյակ պահեին, հակառակ դեպքում սպառնալիքի նման քայլ է, պարոն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Եթե զորքի թվաքանակը 9000-ից անցնում է, պարտավոր են մեզ նախազգուշացնել 42 օր առաջ: Դատելով նախարարի մտահոգությունից՝ ադրբեջանական կողմը չի նախազգուշացրել, ինչը Վիեննայի փաստաթղթի խախտում է, բայց սա էլ է ապացուցում, որ փորձում են ճնշում գործադրել. Սա սադրիչ գործողություն կարելի է դիտարկել, բայց մենք պետք չէ ընդունենք նրանց սադրանքները, այլ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացածի, որովհետեւ դեպքերի ընթացքն ու պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանն այնքան էլ քաղցր հարեւան չէ: Քանի կան այս խնդիրները, նրանք գնալու են նոր սադրանքների, պետք է զգոնությունը պահպանենք ու պատրաստ լինենք հակահարված տալու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930