Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն որոշեց գործընթացը կատարել Ռուսաստանի հետ. դա ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով». Լեհաստանի դեսպան

Նոյեմբեր 09,2016 13:55

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս ունի, որ մինչև տարեվերջ կստորագրվի ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիր:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հարցին՝ այդ պայմանագրի ստորագրման գործընթացին խոչընդոտող գործոններ տեսնո՞ւմ է, Լեհաստանի դեսպանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ այլևս որևէ խոչընդոտ չի առաջանա այս պայմանագրի ստորագրման հետ կապված: 2013-ին Հայաստանն առաջատար դիրք էր գրավում այս համաձայնագրի ստորագրման հետ կապված, սակայն ընտրեց Եվրասիական տնտեսական միությունը: Բայց, այդուհանդերձ, այս պայմանագիրը թույլ է տալիս, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության բնական անդամ»:

Դառնալով ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությանը՝ պարոն Նովակովսկին հիշեցրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության 80 տոկոսը սովորաբար պահպանվում է, միայն 20 տոկոսն է, որ նոր նախագահի առաջնահերթություններն են:

Դեսպանը մտահոգություն հայտնեց, որ հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններում կան խնդիրներ, մասնավորապես փոքր են առևտրաշրջանառության ծավալները, բայց նաև փաստեց. «Անցյալ տարի մեր տնտեսական հարաբերություններն աճ են գրանցել: Ապրանքափոխանակությունը 60-80 միլիոն դոլար է կազմում տարեկան: Իհարկե, այն այնքան էլ գոհացուցիչ չէ»:

Դեսպանը նշեց, որ իրենք հետաքրքրված են նաև տուրիզմի զարգացման ոլորտով: Այս համատեքստում պարոն Նովակովսկին շեշտեց. «Եթե Հայաստանն ուզում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա պետք է ուշադրություն դարձնի իր ճանապարհային ենթակառուցվածքներին»:

Հարցին՝ ինչո՞ւ չի ստացվում, որ հայկական ապրանքները ողողեն եվրոպական շուկան, նա պատասխանեց. «Խնդիրն այն է, որ հայկական ապրանքատեսակները Եվրոպայում կամ Լեհաստանում անհայտ են, գնորդները տեղյակ չեն: ՀՀ-ն որպես բրենդ ճանաչված է, բայց կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում, Հայաստանը որպես այս կամ այն ապրանքն արտադրող երկրի բրենդ չի ընկալվում»:

Մյուս հարցին՝ արդյոք Հայաստանն ու Լեհաստանը մարտական տանկերի մոդեռնիզացման ծրագիրը կշարունակե՞ն, պարոն Նովակովսկին պատասխանեց. «ՀՀ ՊՆ-ն և կառավարությունը որոշեցին, որ Հայաստանին պատկանող տանկերի վերանորոգումը, մոդեռնիզացման գործընթացը կատարելու է Ռուսաստանը: Դա ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով: Սակայն նշենք, որ այս ոլորտում լեհական ընկերությունները ամենևին չեն զիջում ռուսականին և ունեն մեծ պահանջարկ»:

Հարցին՝ արդյոք կենսաչափական անձնագրերի՝ լեհական ընկերության կողմից արտադրությունը կշարունակվի՞, պարոն դեսպանն ասաց, որ որոշումը հայկական կողմինը պետք է լինի, քանի որ լեհական ընկերությունը պատրաստ է:

Եժի Մարեկ Նովակովսկին տեղեկացրեց նաև նոյեմբերի 11-ին Լեհաստանի ազգային տոների՝ Անկախության և Սահմանադրության օրերին նվիրված միջոցառումների մասին. «Անկախության տոնը նշվում է 1989-ից՝ կոմունիստական բարքերի տապալումից հետո: Հայերի համար անկախության տոնը նույն կշիռն ունի, ինչ լեհերի համար, քանի որ Հայաստանը ևս հարյուրավոր տարիներ զրկված է եղել անկախությունից»:

Լեհաստանի ազգային տոների կապակցությամբ նոյեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Կրակովի կապելլան»:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն էլ փաստեց, որ Լեհաստանի դեսպանատան հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Դառնալով նոյեմբերի 11-ի համերգին՝ պարոն Պադարյանն ասաց, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու ինչպես միջնադարյան լեհական երաժշտություն, այնպես էլ հայտնի լեհ կոմպոզիտորների երաժշտություն:

Հայտարարվեց նաև նախաձեռնության մասին, համաձայն որի՝ կոչ են անում Լեհաստանի խորհրդանիշներով նկարվել ՀՀ-ի գեղատեսիլ վայրերից մեկում և լուսանկարը տեղադրել սոցցանցերում՝ my polska հեշթեգով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930